ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով ներկայացնում է իշխող «Իմ քայլը» կուսակցությունը, երեկ հարցազրույցի ժամանակ բավականին «ուշագրավ» մտքեր է արտահայտել: Պարզվում է, որ այս անձնավորությունը ոչ միայն կրոնական, այլ նաև հայոց լեզվի գիտելիքների պակաս ունի:

1. Ըստ նրա` ինքը քրիստոնյա է, բայց հավատացյալ չէ,
2. Իր համար ցավալի է, որ իր յոթ տարեկան թոռնիկը աղոթում է,
3. Իր համար նորմալ չէ, որ խաչակնքվում է ու դիմում Աստծուն,
4. Եվ որ ամենհետաքրքիրն է, «Հայր մեր» աղոթքը հոգեորսություն է:

Նախ՝ ցավալին այն է, որ 1990-1995թթ. Գերագույն խորհրդի կրթության, գիտության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եղած անձնավորությունը` Հովիկ Աղազարյանը, մինչ այսօր չգիտի «հավատացյալ» բառի նշանակությունը: Անդրադառնալով բառի ստուգաբանությանը՝ նշեմ, որ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում» «հավատացյալ» բառը բացատրվում է հետևյալ կերպ. «որևէ կրոնի հետևող, հավատացող»:

Այլ բառարաններով «հավատացյալ» բառի նշանակությունն է` աստվածասեր, աստվածապաշտ, ուղղահավատ, քրիստոնյա, կրոնասեր և այլն: Այսինքն, եթե մարդ ինքն իրեն քրիստոնյա է համարում, նշանակում է՝ հավատացյալ է հանդիսանում:

Երկրորդ՝ անդրադառնալով «քրիստոնյա» բառին՝ նշեմ, որ եթե քրիստոնյա ես, նշանակում է` համարվում ես քրիստոնեությունն ընդունած անձ: Իսկ ի՞նչ է քրիստոնեությունը: Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն է՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատագրելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը։ Այսինքն՝ այլ կերպ ասած, եթե մարդը քրիստոնյա է, նշանակում է , որ հավատում է Սուրբ Երրորդությանը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:

Իսկ եթե քրիստանյա ես, այսինքն` հավատում ես Սուրբ Երրորդությանը, նշանակում է՝ հավատում ես նաև «Հայր մեր» աղոթքի զորությանը: Տվյալ աղոթքը կոչվում է նաև Տերունական աղոթք, քանի որ այն սովորեցրել է անձամբ բոլոր ճշմարիտ քրիստոնյաների Տերը՝ Հիսուս Քրիստոսը:

Ավելին, եթե քրիստոնյա ես, ուրեմն հավատում ես նաև խաչակնքվելու խորհրդին: Իսկ ո՞րն է այդ խորհուրդը. խաչակնքվելիս (բառի ստուգաբանությունը` խաչի կնիքը մեզ վրա դնելիս) հիշում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոսը խաչվեց բոլոր քրիստոնյաներիս մեղքերի համար և փրկեց մահվան իշխանությունից…

Հիմա հարց` այս ամենը հոգեորսությո՞ւն է, թե՞ հոգեփրկություն:

Չէ´, պարոն Աղազարյան, դուք ոչ միայն հավատացյալ չեք (բառի բուն և ոչ թե աղավաղված իմաստով), այլ նաև քրիստոնյա էլ չեք: Տարիներ ի վեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է պահել մեր պետականությունը: Երբ Հայաստանը զրկվեց անկախ պետականությունից, Հայոց եկեղեցին էր, որ իր վրա վերցրեց հայ մշակույթի պահպանման ու զարգացման բեռը և ազատագրական շարժումները գլխավորելու առաքելությունը: Այն, որ այսօր «Հայաստան» անունը կա, ու բոլորս հայ ենք կոչվում, դա մեծամասամբ մեր հավատքի ու մեր եկեղեցու շնորհիվ է: Իսկ ի՞նչ եք անում դուք ու ձեր թիմը… Այն, ինչ դարեր շարունակ ցանկացել են անել մեր երկրի արտաքին թշնամիները…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել