Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:25-ի սահմաններում ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Արմավիր քաղաքի Սայաթ Նովա փողոցի թիվ 1ա տան հարակից անասնագոմին կից այրվում է պահեստավորված անասնակեր:

Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ: 

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ կանխել են կրակի տարածումը, ապա մի քանի ժամ պայքարել կրակի դեմ: Փրկարարները, քաղաքացիներն ու ոստիկանները կարողացել են անասնագոմից դուրս բերել 32 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:

Հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել է Սաիդ Ուսոյանին պատկանող անասնագոմին հարակից հատվածում պահեստավորված մոտ 6 հազար հակ անասնակեր, իսկ կից ավտոտնակում ամբողջովին այրվել ու մոխրակույտի է վերածվել Lexus GX470 մակնիշի ավտոմեքենան և այնտեղ եղած ողջ ապրանքները:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր հոսանքազրկել էին ողջ տարածքը, որպեսզի հրշեջները կարողանային անվտանգ կատարել իրենց աշխատանքը:

Կրակը ամբողջովին մարվել է, սակայն հրշեջները դեռ աշխատում են դեպքի վայրում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ քաղաքացին հրդեհի հետևանքով կրել է 35-40 մլն դրամի վնաս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել