Ավստրալական Qantas Airlines ավիաընկերության պատմության մեջ ամենաերկար ուղիղ չվերթն իրականացրած ինքնաթիռի ուղևորները կիսվել են ճանապարհորդությունից իրենց տպավորություններով, գրում է Daily Mail-ը:

Թռիչքի մասնակիցների խոսքերով, նրանց առաջին հերթին զարմացրել է, որ բորտուղեկցորդները նախաճաշի փոխարեն ընթրիք են մատուցել, չնայած այն հանգամանքին, որ Անգլիայից թռիչքը մեկնարկել է վաղ առավոտյան: Մասնավորապես, նրանց առաջարկել են սթեյքով սենդվիչներ, ապուր և գինի:

Ֆիզիոլոգ Քորին Քայոն բացատրել է, որ սննդի մատուցման հատուկ ժամանակացույցը պայմանավորված է եղել այն փաստով, որ թռիչքն իրականացվում էր Սիդնեյի ժամանակով: Նույն պատճառով, օրինակ, ինքնաթիռի սրահում թռիչքից անմիջապես հետո անջատել են լույսերը՝ գիշերվա իմիտացիա ստեղծելու նպատակով, չնայած որ Եվրոպայում դա ցերեկային ժամ էր: Նման կերպ, ըստ Քայոյի, մարդկանց համար ավելի հեշտ էր հարմարվել նոր պայմաններին:

Բացի այդ՝ ուղևորներին խնդրել են մի շարք աերոբիկայի վարժություններ կատարել, ներառյալ կքանստելն ու ձգումները, այնուհետև քայլել միջանցքներով՝ նստատեղերի երկայնքով: Ֆիզիոլոգները կարծում են, որ դա օգնում է զգալիորեն նվազեցնել թրոմբի առաջացման վտանգը:

Վերջապես, ճանապարհորդներին տպավորել է այն փաստը, որ թռիչքի ընթացքում կարողացել են երկու արևածագ տեսնել:

Ինչպես հստակեցնում է պարբերականը, ավիաընկերությունը, ի թիվս այլ բաների, թռիչքը դիտարկել է նաև որպես յուրատեսակ «դիմացկունության թեսթ»՝ պարզելու համար, արդյոք ուղևորներն ու անձնակազմը կհաղթահարեն թռիչքի տևողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել