Մերձմոսկվայում եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած А321-ի առաջին օդաչու Դամիր Յուսուպովը բացատրել է, թե ինչու թռիչքից առաջ ուղևորներին այլևս չի հայտնում իր անունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Նախկինում ողջունում էի ուղևորներին և ասում`«Անձնակազմի հրամանատար Դամիր Յուսուպով», սակայն եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջքից հետո մարդիկ իմ անվանն էմոցիոնալ են արձագանքում: Դա աղմուկ է բարձրացնում ինքնաթիռում, իսկ ուղևորների շրջանում լարվածություն չպետք է լինի:
Վթարային վայրէջքից մեկ ամիս անց սկսել էի կրկին ներկայանալ, սակայն ցնցումներից մեկի ժամանակ մարդկանց մոտ տագնապ սկսվեց: Դրանից հետո կրկին սկսեցի թաքցնել անունս»,- ասել է Յուսուպովը:
Հիշեցնենք, որ ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավն օգոստոսի 15-ին վթարային վայրէջք էր կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո:
Օդանավում գտնվել է 234 մարդ, այդ թվում՝ 7 հոգանոց անձնակազմը: Օդանավում եղել են նաև հայեր: Այն Մոսկվայից Սիմֆերոպոլ էր թռչում: Բարձրություն հավաքելու ժամանակ օդանավը բախվել է երամի, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել են, քանի որ դրանցում թռչուններ են հայտնվել:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը А321 օդանավի օդաչուներին ՌԴ հերոսի կոչում է շնորհել: Մասնավորապես, օդանավի առաջին և երկրորդ օդաչուները ՌԴ հերոսի կոչում են ստացել, իսկ անձնակազմի մնացյալ անդամներն Արիության շքանշանի են արժանացել:
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում վթարային վայրէջք կատարած А321 օդանավի առաջին օդաչու Դամիր Յուսուպովն ասել էր, որ իրեն հերոս չի համարում: