1in.am-ը գրում է.
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
- Պարոն Մինասյան, Վերահսկիչ պալատի վերջին հաշվետվության քննարկման հետ կապված նախագահ Սերժ Սարգսյանի անցած շաբաթ անցկացրած խորհրդակցության դեպքում «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ «որևէ մեկը իրավունք չունի սովորեցնել ՎՊ-ին»: Փաստորեն ՎՊ-ի հետ կապված Ս. Սարգսյանի այդ խորհրդակցությունը հակասահմանադրակա՞ն էր:
- Իհարկե, ոչ:
- Այսինքն չէ՞ր հակասում ՀՀ Սահմանադրությանը:
- Մեր կառույցի ղեկավարի կողմից ասվեց օրենքի տառին և ոգուն չհամապատասխանող կեցվածքի մասին:
- Բայց ՎՊ-ն անկախ կառույց է և...
- Իհարկե, բայց պետական ծառայողն էլ առաջնորդվում է միայն Սահմանադրությամբ և օրենքով տրված լիազորություններով:
- ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն իր հաշվետվության քննարկման ժամանակ գերազանցե՞լ էր այդ լիազորությունները:
- Իհարկե:
- Ի՞նչ է արել:
- Որպեսզի լավ պատկերացնենք, թե ինչ է տեղի ունեցել, պետք է այդ քննարկումը բաժանենք երկու մասի: Առաջին մասն իր հաշվետվությունն էր, իր կողմից կատարված վերահսկողական գործառույթների վերաբերյալ: Երկրորդը հարցուպատասխանի մասն էր, որտեղ նաև անդրադարձավ իր կանխատեսումներին, իր զգացումներին ու իր ակնկալիքներին: Իհարկե, խնդիրներ կային նաև առաջին մասի հետ կապված: Բայց հիմնական խնդիրը կայանում էր նրանում, որ ինքը խոսեց երևույթների մասին, որտեղ վերահսկողություն չէր կատարել և իր ծրագրում զետեղված չի եղել:
- Ինչի՞ մասին է խոսքը:
- 701 մլրդ դրամի մասին է խոսքը: Հարցուպատասխանի ժամանակ ինքը անդրադարձավ խնդիրների, որոնք զետեղված չէին ՎՊ տարեկան ծրագրում: Նա դրա իրավասությունը չուներ:
- Իսկ եթե նա դրա իրավասությունը չուներ, բայց անդրադարձել է, այդ դեպքում ի՞նչ պետք լինի:
- Պետք է ՎՊ նախագահին ասվի, որ նա գերազանցել է իր լիազորությունները:
- Իսկ այն, որ տեղեկություններ են շրջանառվում, թե Իշխան Զաքարյանը հրաժարական է տալիս:
- Դու ինձ այդպես հարցեր մի տուր, եթե շրջանառվում է, ուրեմն ես պետք է իմանայի:
- Իսկ Ձեր կարծիքով` սա այն իրավիճա՞կն է, որ ՎՊ նախագահը պետք է հրաժարական տա:
- Ես կարծում եմ, որ կոռեկտ հարցադրումներ չես անում:
- Պարոն Մինասյան, Ի. Զաքարյանն արդեն մի քանի տարի է` իր հաշվետվության մեջ աղմկոտ բացահայտումներ ու գնահատականներ է ներկայացնում, որ պետական կառավարման համակարգում տարբեր ոլորտներում չարաշահումներ են տեղի ունենում: Ինչո՞ւ հանկարծ իշխանություններն այս տարի այդքան սուր հակադարձեցին:
- Ոչ միայն մի քանի տարի շարունակ իր հաշվետվության մեջ չի ներկայացրել այդպիսի բաներ, այլ այս անգամ ևս չի ներկայացրել: Խնդիրը կայանում է նրանում, որ ինքը խոսել է երևույթների մասին, որտեղ ինքը վերահսկողություն չի կատարել:
- Պատճառը դա՞ էր, որ այդ քննարկումների հետ կապված աղմուկ բարձրացվեց խորհրդարանական մեծամասնության կողմից՝ իհարկե, արդեն քննարկումներից հետո: Ինչի համար էլ Ս. Սարգսյանը դժգոհեց ՀՀԿ խմբակցության պահվածքից:
- Դուք ի՞նչ գիտեք:
- Նիստի ժամանակ նրա արած հայտարարությունն այդ մասին է խոսում: Նա ասել էր, թե «մենք կխոսենք նաև, բայց ոչ այստեղ, խորհրդարանում քաղաքական մեծամասնության պահվածքի մասին, մենք դա կքննարկենք մեր կուսակցությունում, որովհետև դա զուտ կուսակցական խնդիր է: Հետո կպայմանավորվենք, թե այսպիսի դեպքերում ինչպես կվարվենք»:
- Դու տողատակում ես կարդում, ես դրա հնարավորությունը չունեմ: Պետք է ամեն ինչ հասկանալ ուղղակի: