Անգլիական Դորսեթ կոմսության բնակիչը տարիներ շարունակ դարակի վրա մնացած ջարդվածք ունեցող խուփով թեյնիկը վաճառել է ավելի քան մեկ միլիոն ֆունտ ստեռլինգով, հաղորդում է The Mirror պարբերականը:

Անանուն մնալ ցանկացող բրիտանացին խոստովանել է, որ կանաչ փայլով ծածկված ջարդվածք ունեցող խուփով թեյնիկն իր ընտանիքում փոխանցվել է սերնդեսերունդ: Սակայն ոչ նա, ոչ նրա հարազատները չգիտեին, թե որքան արժե ընտանեկան մասունքը:

Բրիտանացին հավելել է, որ աճուրդի մասնագետ Լի Յանգին հրավիրել է այլ իրեր գնահատելու համար: Սակայն, Դորչեսթում գտնվող Duke’s Auctioneers աճուրդի տան ասիական արվեստի մասնագետը նկատել է դարակի վրա մնացած թեյնիկը և խնդրել է այն ցույց տալ: Տանտերը թեյնիկը հանձնել է աճուրդի մասնագետին:

Յանգը թեյնիկի հատակին կապույտ կնիք է նկատել, ինչը ցույց էր տալիս չինական կայսր Ցյանլունի հետ կապը: Դա նշանակում էր, որ թեյնիկը պատրաստված էր անձամբ կայսեր համար 1735-1796 թվականներին: Թեյնիկի խուփը պատրաստված էր դեղձի՝ անմահության և միասնության չինական խորհրդանիշի, տեսքով:

Գտածոն ցուցադրվել է Լոնդոնի ցուցահանդեսում, այնուհետև աճուրդում վաճառվել է 1.04 միլիոն ֆունտ ստեռլինգով: Տասը գնորդներ են հեռախոսով մասնակցել միջազգային վաճառքին: Աճուրդը տևել է տասը րոպե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել