Եվրոպայում Tesla էլեկտրամոբիլների թողարկման առաջին գործարանը կառուցվելու է Բեռլինում: Այդ մասին հայտարարել է ընկերության ղեկավար Իլոն Մասքը: Ինչպես հայտնել է CNBC-ն, դա լինելու է «գիգաֆաբրիկա», ինչպես նաեւ մշակման ու դիզայնի կենտրոն: Եվրոպայում Tesla-ի արտադրությունը գործարկելու պլանների մասին Մասքը խոսում է արդեն մի քանի տարի: Ներկայիս հայտարարությունը նա արել է Bild հրատարակության մրցանակի՝ Golden Steering Wheel-ի (Das Goldene Lenkrad) պարգեւատրման արարողության ժամանակ:
Բեռլինի ընտրությունը Մասքը բացատրել է գերմանացի ինժեներների՝ համընդհանուր ճանաչում ստացած նշանավոր հաջողություններով եւ այն բանով, որ Բեռլինը դիզայնի համաշխարհային կենտրոններից մեկն է: Նա ճշտել է, որ գործարանը կառուցելու են Բեռլինի նոր օդանավակայանից ոչ հեռու:
Tesla-ի համար դա լինելու է չորրորդ ձեռնարկությունը Նեւադայի գիգաֆաբրիկայից՝ Նյու Յորքում գտնվող լիցքավորման համակարգերի եւ էլեկտրոնիկայի արտադրության գործարանից եւ Շանհայում նոր բացված գործարանից հետո:
Tesla-ի թողարկումը Գերմանիայում կդյուրացնի ընկերության էլեկտրամոբիլների վաճառքները Եվրոպայում: Երրորդ եռամսյակի համար հաշվետվության մեջ Tesla-ն նշում է, թե պլանավորում է Եվրոպայում թողարկել Model 3 սեդաններ եւ Model Y մշակված քրոսովեր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: