Pastinfo.am-ը գրում է.

Քանի որ օրենքը դեռ հանրային  քննարկման դրված չի եղել, դա է պատճառը, որ մինչև հիմա նրանց հետ չենք քննարկել այդ կետերը, բայց եթե նրանց մոտ հրատապ քննարկելու ցանկություն է առաջացել, նախարարը Հայաստանում չէ, բայց ես պատրաստ եմ այսօրևեթ լսել դասախոսներին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների դասախոսները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է, որ հայտարարում են մեկօրյա նախազգուշական գործադուլ՝ որպես միաբանության քայլ և նախատեսում են իրականացնել հրատապ քննարկում շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ։

«Մենք դեռ նախարարություն դիմում չենք ստացել։ Նորից վերահաստատում եմ մեր դիրքորոշումը, որ բաց ենք քննարկումների համար։ Նախարարը գործուղման է մեկնել Փարիզ և վաղն է վերադառնալու։ Կտեղեկացնեմ, որ դասախոսները հանդիպում են ուզում։ Չեմ կարծում, որ դրա համար լավ միջոց են գտել գործադուլը։ Եթե նրանց գործադուլի իմաստը մեզ հետ հանդիպումն էր, առանց գործադուլի էլ պատրաստ ենք հանդիպել նրանց հետ»,-ասաց Գրիշա Թամրազյանը՝ հորդորելով վերադառնալ կառուցողական դաշտ, վերականգնել դասապրոցեսները։

ԿԳՄՍ փոխնախարարը նշում է, որ նախարարն ինքը հայտարարել է՝ պատրաստ է օրերով, շաբաթներով ու ամիսներով քննարկել և լսել դասախոսների կարծիքները, դիրքորոշումները, արգումենտներն ու առաջարկները։

Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ ԵՊՀ պատմության և բանասիրության ֆակուլտետների ուսանողները դասադուլ են իրականացնում։ Նրանք դեմ են բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելուն։

ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի գերակշիռ մասն իր համերաշխությունն է հայտնում ուսանողական շարժմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել