«Դուք հաշմանդամին դատապարտում եք մահվան, երբ նրան ամսական 13000 դրամ եք վճարում»: Այսօր մեր Սահմանադրության օրն է. յուրաքանչյուր երկրի համար դա կարևորագույն օրերից մեկն է, քանզի առանց դրա պետությունը չի կարող գոյատևել: Ես համաձայն չեմ այն մարդկանց հետ, ովքեր պնդում են, որ Սահմանադրությունը այդքան էլ հաջող չի գրված, համաձան չեմ, քանզի սահմանադրությունը դրույթներ են, դրանք մոտեցումներ են և ոչ ավել: Նայել սահմանադրությանը` որպես փրկության տարբերակներից մեկի, սխալ է: Մեր Սահմանադրության մեջ ես կցանկանայի առանձնացնել այն, որ նա գրված է այնպես, որ արգելք չի հանդիսանում կառավարությանը նորմալ գործառույթներ իրականացնելու համար: Մեր երկրում առկա է մի կարծրատիպ, որը ամեն ինչի հիմքում մեղավոր է տեսնում ինչ-որ կապ չունեցող հանգամանք: Ասեք` Սահմանադրությունը, որևէ կապ ունի՞ այն փաստի հետ, որ պետությունը իր երկրի 3-րդ կարգի հաշմանդամին 13000 դր ամսական թոշակ է նշանակել: Ինձ միշտ այս զավեշտալի հարցը հետաքրքրել է, թե ի՞նչ տրամաբանությամբ էին շարժվում մեր ղեկավարները, երբ նրանք որոշում էին, որ թոշակառուն, որը հասկանալի պատճառներով անաշխատունակ է, պետք է պետությունից ստանա այդ չնչին լումաները: Փորձենք հասկանալ, թե վերջ ի վերջո ինչ պահանջներով էին ուղղորդվում պետության ներկայացուցիչները, երբ հաշմանդամին սահմանում էին 13000 դրամ, վերջ ի վերջո, ի՞նչ կարող է անել հաշմանդամը այդ գումարով: Եվ այսպես`13000 դրամ, այսինքն` օրը 400 դրամ: Հարգելի´ այս գումարը սահմանողներ, դուք ձեզ հարց տվե՞լ եք` օրը 400 դրամով 3-րդ կարգի հաշմանդամը ի՞նչ պետք է անի: Որպեսզի պատասխանենք այս հարցին, թվարկենք այն անհրաժեշտ միջոցառումները, որոնք անհրաժեշտ են հաշմանդամին օրը մթնեցնելու համար...`
• Սնվել
• Գնել դեղամիջոցներ
• Գնալ բժիշկների մոտ (դրա հետ կապված առաջանում են տրանսպորտային ծախսեր)
• Վճարել կոմունալ ծախսերը
• Ադամից և Եվայից տարբերվելու նպատակով գնել մինիմալ հագուստ
• Այս կետը կարող է, որպես ավելորդություն դիտվել մեր չինովնիկներից շատերի համար, բայց սա շատ կարևոր է հաշմանդամի համար` լինել շփման մեջ իր նմանների հետ, իսկ դրա համար անհրաժեշտ է սոցիալական ցանցերիցով օգտվել (ինտերնետի առկայություն, համակարգիչ): Հաշմանդամը չպետք է մեկուսացված լինի հասարակությունից:
Հ.Գ. Եվ այս ամենը նա պետք է ի կատար ածի 400 դրամո՞վ...



