Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, ոստիկանության ծառայողները բացահայտել են նույն օրը Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած դանակահարության դեպքը: Այդ օրը՝ ժամը 16:40-ի սահմաններում, էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ և ձախ կեսերի ու պարանոցի շրջանում կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:

Մինչ էրեբունու բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոր Խարբերդ այգեգործական ընկերության բնակիչ, 51-ամյա Ա. Ս.-ն է, ով ժամը 16:00-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում անհայտ անձի կողմից դանակահարվել է:

Ժամեր անց պարզվել է, թե ով է կասկածյալը և բացատրական աշխատանքների շնորհիվ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Շենգավիթի ոստիկանություն է ներկայացել Երևանի բնակիչ, 17-ամյա Մ.Ա.-ն: Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաձգաբանական, դատափորձագիտական, դատաբժշկական փորձաքննություններ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Մ. Ա.-ն սովորում է Երևանում գործող ուսումնարաններից մեկի 3-րդ կուրսում, նա ստորագրությամբ բաց է թողնվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել