Aysor.am-ը գրում է.
Վարդավառը եկեղեցական տոն է և այն խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Վարդավառի խորհրդի մասին ասաց Տեր Թովմա քահանա Անդրեասյանը:
«Իրականում ջուրն այս տոնի հետ գրեթե կապ չունի: Մյուս կողմից` մարդը հիշում է Ջրհեղեղն ու ամեն տարի ամռանն իրեն և ուրիշներին ջրելով, վարդեր թափելով, աղավնիներ թռցնելով ցույց է տալիս, որ Աստված իրեն չի մոռանում և ինքն աշխատելու է այլևս մեղքեր չգործել»,- ասաց քահանան՝ նշելով, որ մեր օրերում, սակայն, ջրի խորհուրդը հաճախ է չարաշահվում:
«Եղել են դեպքեր, երբ ջրելու հետևանքով դժբախտ պատահարներ են տեղի ունեցել: Անգամ ինքս եմ տուժել ջրվելուց: Պետք է հիշենք, որ ջուրը խորհրդանշում է մաքրությունը: Դրանով ցույց ենք տալիս, որ աշխատում ենք մաքուր ապրել, մեղքեր չենք գործում»,- ընդգծեց քահանան:
Վարդավառը շարժական տոն է.
«Տոնը նշվում է Սուրբ Զատկից հետո` 14-րդ կիրակի օրը: Վարդավառը շարունակությունն է Հարության տոների` Հարություն, Համբարձում, Հոգեգալուստ և Վարդավառ»,- ասաց քահանան:
Հիշեցնենք, որ այս տարի այն նշվելու է հուլիսի 7-ին: