Հին կիտրոնենիների տակ կանգառում նստած էր մի աղջիկ` հարսանեկան զգեստով, գեղեցիկ սպիտակ քողով, իսկ ձեռքում վարդեր էին, նույնպես շատ գեղեցիկ` ձյունաճերմակ…

Իսկ շուրջը մարդիկ էին կանգնած: Ոմանք աշխատանքից էին վերադառնում, ոմանք թատրոն էին գնում, ոմանք էլ մարզադաշտ, ով 7-րդ համարին էր սպասում, ով` 11-րդին: Եվ, հասկանալի է, ոչ ոք ուշադրություն չէր դարձնում հարսանեկան զգեստով աղջկան, որովհետև այդպիսի զգեստով սովորաբար գալիս են վերջին կանգառ, որտեղ ավարտվում է ավտոբուսի երթևեկը, ուր կարելի է շուրջը նայել, ընտրել` ում հետ ճամփան շարունակել, իսկ նա կանգնած էր շատ սովորական  ավտոբուսի կանգառում` հին կիտրոնենիների տակ:

 Հպարտ աղջիկ: Հավատում էր, որ իրեն տեսնելով ինչ-որ մեկը պետք է թողնի իր բոլոր գործերը, նետվի դեպի դուռը և ընթացքից դուրս նետվի, գա կանգառ, տեսնելով իրեն` գնա բոլորովին այլ ուղղությամբ, որ չէր նախատեսել:

Երևի հետո նա ինչ-որ մեկի հետ գնացել էր, իսկ գուցե նրա ձեռքի սպիտակ վարդերը թոշնել էին, թերթիկները թափվում էին, և նա գնացել էր:

Իսկ ես դեռ սպասում եմ և ամեն անգամ ճակատով հպվում ապակուն, գուցե նա նորից հայտնվի, և չեմ ներում ինձ, որ այն օրը չկարողացա ամբոխի միջից դուրս պրծնել ու անցա հին կիտրոնենիների տակի կանգառը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել