Կյանքում շատ զավեշտների եմ հանդիպել, բայց այն, ինչ այս օրերին կատարվում է իմ հայրենի Ոսկեվան գյուղում, պարզապես աբսուրդի է նման: Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնում նշանակվելու համար մի տիկին, ոչ ավել, ոչ պակաս, արդարության պատերազմի է դուրս եկել՝ իր՝ տնօրեն չնշանակվելու դեպքում երկրի ղեկավարին սպառնալով պառակտել սահմանամերձ գյուղը: Իսկապես հուզիչ հայրենասիրություն է, երևի տիկինը առ այսօր գյուղի միասնականության միակ երաշխավորն է եղել: Թեմայի վերաբերյալ իմ նախորդ հրապարակումից հետո ինձ բազմաթիվ մարդիկ զանգահարում էին և պատմում, թե հանուն այդ պաշտոնի ինչպես էին մարտադաշտ մղում թոշակառու գեներալների, ինչպիսի լծակներ էին փորձում կիրառել՝ ձայներն իրենց օգտին գրանցելու համար: Թերևս այս մասին չխոսեի, եթե ականատես չլինեի ծիծաղելի պաթետիկ ոճով գրված լացակումած արդարության կոչերի, իսկապես զազրելի և ծիծաղելի է, չի կարելի ռոճիկի համար գզվռտոցը վերածել ազգային միասնականության խնդրի: Ձեզ իսկապես ծիծաղելի չի՞ թվում հավաքել ծանոթ բարեկամների, խելք խելքի տալ և տարածել Սերժ Սարգսյանին ուղղված նամակ՝ այսպիսի բովանդակությամբ. «Նախագահական ընտրություններում 50 տոկոս ձայն ենք տվել ձեզ, դա էլ այն դեպքում, որ մեր համագյուղացիներն են Ստյոպա Սաֆարյանը, Լյուդմիլա Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ, գործարար Գառնիկ Սահակյանը: Խնդրում ենք ձեզ, որ ընդառաջեք մեր համայնքին, որպեսզի տնօրեն նշանակվի վաստակաշատ մանկավարժ Գոհար Տիրացվյանը եւ ոչ թե մարզպետի վաղեմի ծանոթ, բիզնեսմեն Գարիկ Մամյանը»: Ինչպիսի՜ դեմտվոցի: Մշտապես խորշել եմ համայնքի անունից հանդես գալու մարմաջից, բավական է համայնքի անունը հանիրավի շահարկեք՝ ինքներդ էլ լավ իմանալով, որ այդ նույն համայնքը կոնկրետ այս հարցի շուրջ տրամագծորեն հակառակ կարծիքի է:
Ես պարզապես ուզում եմ հասկացնել մի պարզ ճշմարտություն՝ նման մեթոդներով պայքարելով տնօրենի պաշտոնի համար՝ վատ օրինակ եք ծառայում ձեր աշակերտների համար: Ամեն օր մամուլում ձեր մրցակցին հանիրավի փնովելով և տարատեսակ պետական օղակներին սրտաճմլիկ նամակներ ուղղելով՝ ձեր աշակերտների մոտ իդեալականացնում եք մատնագրերի, տարաբնույթ հովանավորների և ականջ ծակող անիմաստ աղմուկի միջոցով պաշտոնի հասնելու պրակտիկան, դրա փոխարեն դուք պետք է ներկայանայիք ձեր առավելություններով, մանկավարժին հարիր պահվածքով, որպեսզի ձեր աշակերտները տեսնեին պաշտոնեական առաջխաղացման գեղեցիկ, ուսանելի օրինակ: Այդ նույն աշակերտները տեսնում են, թե ինչպես եք օգտագործում բոլոր հնարավոր անօրինական լծակները, այս ամենին գումարած անիմաստ աղմուկը, շահարկում գյուղի անունը, ինտրիգներ հյուսում, մարդկանց հանում իրար դեմ. ցավալի չե՞ք համարում դառնալ այսպիսի օրինակ գյուղի աճող սերնդի համար, որի մարդկային իդեալը դեռևս մանկավարժն է:
Պարզապես կոչ եմ անում պատկան մարմիններին՝ չտրվել աղմուկի սադրանքին: Մարդիկ հասկացել են, որ աղմուկը միշտ որոշակի էֆեկտ է ունենում, սակայն սա սոցիալական խնդիր չէ, ընդամենը գյուղական փոքրիկ դպրոցի պաշտոնի համար կռիվ է՝ ցինիկ, նյարդայնացնող դրսևորումներով:
Ինքս նման պաշտոնի չեմ տեսնում այնպիսի անձանց, որոնք իրենց գիտամանկավարժական առավելությունները ցուցադրելու փոխարեն ցեխ են շպրտում մրցակցի անձնականի վրա՝ չխորշելով անգամ շահարկել մարդու առողջության փոքրիկ շեղումները: Նման պաշտոնի չեմ տեսնում այնպիսի անձանց, որոնք աղմկում են, թե տնօրենի մրցակից թեկնածուն ՀՀԿ անդամ է, սակայն իրենք ամեն ինչ անում են՝ ՀՀԿ շարքերը ընդունվելու համար՝ հավանաբար իշխանությանը ավելի մոտ գտնվելու և նորանոր լծակներ ստանալու համար: Այդ դեպքում ինչի՞ համար է այս անիմաստ աղմուկը:
Ամեն ինչ պարզ է և հասկանալի:
Հուսամ, որ այս թեմային այլևս չեմ անդրադառնա: Ամաչում եմ անգամ, որ ստիպված եմ անդրադառնալ գյուղական պարզունակ, մանր ինտրիգների: Պարզապես ցավում եմ, որ իմ հայրենի գյուղում կարող են նման դրսևորումներ լինել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել