2010 թ.-ին ՀՀ կառավարության կողմից մշակվել էր գիտության ոլորտի զարգացման ռազմավարություն և մայիսի 27-ին ընդունվել արձանագրային որոշում, որտեղ նշվում է հիմնարար գիտության կարևորագույն նշանակությունը կրթության ողջ գործընթացում, և որպես հիմք՝ կիրառական հետազոտությունների խթանման գործում, որը իր հերթին խթան է հանդիսանում տնտեսության զարգացման համար: Առանց հիմնարար գիտության չի ձևավորվում գիտական միջավայր, որն ի զորու է իրականացնելու նոր տեխնոլոգիաների «տեղափոխումը» կիրառական հետազոտությունների հարթություն, նույնիսկ այն դեպքում, երբ դրանք մեզ տրամադրվեն ուրիշների կողմից: Նաև կառավարության որոշման մեջ ասվում է այն մասին, որ, ըստ զարգացած երկրների փորձի, հիմնարար գիտության մեջ ներդրված միջոցները տասնապատիկ վերադարձվում են, և նրանց զարգացման գործում վճռորոշ դերը պետք է պատկանի պետությանը, որովհետև գիտահետազոտական արդյունքների կիրառումը շատ հաճախ պահանջում է համեմատաբար երկար ժամանակ, դժվար է կանխատեսել դրանց շահութաբերությունը, և հետևաբար, տնտեսության մասնավոր ոլորտը ոչ միշտ է պատրաստ նմանատիպ ռիսկային ներդրումների:

Իսկ մինչ այդ՝ 05.12.2000 թ.-ին, ընդունվել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մաuին» ՀՀ օրենքը, համաձայն որի՝ գիտության ֆինանսավորումը 2002 թ.-ից սկսած պետք է լիներ պետական բյուջեի տարեկան ծախսային մասի 3%-ից ոչ պակաս (ներկայումս՝ 0,88%), սակայն 14.12.2001 թ.-ին օրենքում փոփոխություն կատարվեց, և ներկայումս «Գիտական եվ գիտատեխնիկական գործունեության մաuին» ՀՀ օրենքի հոդված 23-ի 2 կետում ասվում է հետևյալը․ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար պետությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսում է նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ…»:

Ստորև՝ առաջին աղյուսակում, ներկայացված են 2002 թ.-ից ի վեր բյուջեի եկամտային մասը, բյուջեի եկամուտների աճի տեմպերը, պետական բյուջեի ծրագրով գիտության ֆինանսավորման չափը և նրա աճի տեմպերը, նաև ներկայացված են ըստ տարիների ԱՌՆՎԱԶՆ որքան գումար պետք է հատկացվեր բյուջեից գիտությանը՝ ըստ գործող օրենքի պահանջի:

Ինչպես կարելի է նկատել, որոշ տարիներին բազմիցս եղել են օրենքով սահմանված շեմից պակաս ֆինանսավորում, սակայն 2004 թ.-ին, 2008-2009 թթ.-ին, 2012 թ.-ին և 2014 թ.-ին շեղումները ուղղվել են դրանց հաջորդող տարիներին հավելյալ ֆինանսավորմամբ:

Նաև պետք է նշել, որ բյուջեի ծախսային մասում գիտության ֆինանսավորումը արվում է երկու դասակարգիչով՝ առաջինը՝ «1162. Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր» և երկրորդը՝ «1119. Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագիր: Ըստ այդ երկու դասակարգչի՝ ֆինանսների բաշխումը նշված է 3-րդ աղյուսակում, ինչպես նաև նշված են ընդհանուր գիտության ֆինանսավորման չափը, աճի տեմպերը, նաև, ըստ օրենքի պահանջի, ՆՎԱԶԱԳՈՒՅՆ աճի տոկոսները:

2018թ.-ի ՀՀ բյուջեով ընդհանուր գիտության ֆինանսավորման ավելացում չեղավ (չնայած, ըստ օրենքի, պետք է լիներ ԱՌՆՎԱԶՆ 3,32 % ավելացում), սակայն տեղի ունեցավ վերաբաշխում՝ 6,27 %-ով պակասեցվեց գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի ֆինանսավորումը և դրա հաշվին ավելացվեց պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների ֆինանսավորումը: Այնուհետև արդեն իսկ նոր կառավարության կողմից մշակվեց և ընդունվեց 2019 թ.-ի բյուջեի նախագիծը, որտեղ, չգիտես ինչու, որոշեցին գիտության ֆինանսավորման տողերում գումարների մեջ ներառել նաև ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ, որը նախորդ տարիներին չէր արվել երբևէ) և նշեցին երկու դասակարգիչները միասին՝ 17,27 մլրդ դրամ գումար: Սակայն երբ այդ թվից հանում ենք ԱԱՀ-ն, ստացվում է 14,39 մլրդ դրամ (աղյուսակներում նշված են հենց այդ թվերը), և փաստացի, 2019 թ.-ին գիտության ֆինանսավորման ավելացում ևս տեղի չունեցավ (չնայած, ըստ օրենքի, պետք է լիներ ԱՌՆՎԱԶՆ 8,12 % ավելացում): Կառավարության կողմից գիտությանը ունեցած «պարտքը» փաստացի ավելի մեծացավ:

Ներկայումս 2020 թ.-ի բյուջեի նախագծով նախատեսվում է, ըստ 1162 դասակարգիչի, գիտությանը տրամադրել 12,7 մլրդ դրամ, ՈՐԸ, ՓԱՍՏԱՑԻ, ՆՈՒՅՆՆ Է, ԻՆՉ 2016 և 2017 ԹԹ․-ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, իսկ ըստ 1119 դասակարգիչի՝ 3,85 մլրդ դրամ, սակայն այստեղ առկա ավելացումը բավարար չէ նախորդ տարիներին տեղի ունեցած ֆինանսավորման բացասական շեղումն ուղղելու համար:

Դա անելու համար գիտության ընդհանուր ֆինանսավորումը 2020 թ․-ին պետք է լինի ԱՌՆՎԱԶՆ 17,89 մլրդ դրամ:

Իսկ ինչ վերաբերում է գիտության տրված արդյունքներին, ապա հարկ է նշել, որ, ըստ Global Innovation Index 2019 թ.-ի զեկույցի, Հայաստանը գրավում է 50 տեղը (129 երկրների շարքում) Innovation Output Sub-Index rankings բաժնում, որը, ըստ զեկույցում նշված բացատրության, իրենից ներկայացնում է տնտեսության մեջ նորարարական գործունեության ունեցած արդյունքները:

Նաև Global Innovation Index 2019 թ-ի զեկույցում կա 2 ցուցանիշ, որոնք ցույց են տալիս գիտության գործունեությունից ստացված արդյունքները: Դա hրապարակված գիտական եւ տեխնիկական հոդվածների քանակն է՝ «Scientific & technical articles/bn PPP$ GDP», և այդ հոդվածների վրա հղումների H-ինդեքսը «Citable documents H index»: Հայաստանն այդ տողերով զբաղեցնում է համապատասխանաբար 13-րդ և 69-րդ տեղերը 129 երկրների շարքում: Կարծում եմ՝ պետք է հստակ ֆիքսել, որ այս ցուցանիշները բավական լավ արդյունք են:

Իսկ ահա ըստ ՀՀ-ում գիտության ֆինանսավորման ցուցանիշի՝ ՀՆԱ-ի 0.2 %, Հայաստանը, ըստ նույն զեկույցի հրապարակված տվյալների, զբաղեցնում է 86 տեղը (2017 թ․-ի համեմատ նահանջելով 3 հորիզոնականով)՝ հարևանությամբ այնպիսի երկրների, ինչպիսիք են` Պակիստանը, Բուրկինա Ֆասոն և Օմանը:

Հղումը՝ https://www.wipo.int/edo…/pubdocs/…/wipo_pub_gii_2019/am.pdf

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների
թեկնածու ՝ Տիգրան Քոթանջյան
09.11.2019թ.

No photo description available.No photo description available.No photo description available.No photo description available.No photo description available.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել