Ածելիներ արտադրող Billie ապրանքանիշն իր նոր գովազդային արշավով ցնցել է ողջ համացանցը։ Գովազդում աղջիկները հպարտորեն ցուցադրում են իրենց բեղիկները։ Այս կերպ ապրանքանիշը ցանկանում է կոտրել կանացի մարմնի մազածածկույթի ոչ էսթետիկ լինելու կարծրատիպերը։ Կազմակերպությունն աջակցում է կանանց բնական լինելու իրավունքին։
Գովազդում մոդելները հպարտորեն ցուցադրում են իրենց բեղիկները։ Թեմատիկ տեսանյութը ոչ միայն նվիրված է նոր արտադրանքի առաջխաղացմանը, այլ նաև movember անվանումով բարեգործական շարժմանը։ Սովորաբար ամբողջ նոյեմբեր ընթացող միջոցառումներին մասնակցում են տղամարդիկ, սակայն այս անգամ դրանց մասնակցում են նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչները։
Movember-ը ստեղծվել է 1999 թվականին Ավստրալիայում մի խումբ երիտասարդների կողմից։ Սա ֆանդրայզինգի տեսակ է, որի ժամանակ ամեն տարի նոյեմբերին տղաները չեն սափրում իրենց բեղերը և գումար են նվիրաբերում տղամարդկային մի շարք հիվանդությունների դեմ պայքարելու համար։
Billie-ի ներկայացուցիչ Ջորջինա Գուլին նշում է, որ կազմակերպության համար կարևոր է, որ բոլորը իմանան կանացի բեղիկների մասին, քանի որ այն մարմնի բնական առանձնահատկություններից է։ Մոդելները հպարտորեն ցուցադրում են իրենց մարմնի բուսականությունը՝ դրանով ոգեշնչելով նաև այլ կանանց։
Կազմակերպիչները սկսել են նաև ֆլեշմոբ՝ #projectbodyhair հաշթագով, որտեղ կանանց հորդորում են տեղադրել իրենց բեղիկներով լուսանկարները։
Համացանցում օգտատերերի կարծիքները բաժանվել են։ Ոմանք գովաբանում են ապրանքանիշին, իսկ ուրիշներն էլ գովազդային արշավը համարում են տհաճ տեսարան։ Շատերը իրոնիա են տեսնում այն բանում, որ ածելիներ արտադրող կազմակերպությունը հորդորում է աղջիկներին չանել էպիլացիա։