Pastinfo.am-ը գրում է.

Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի փաստով նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:

«Փաստինֆո»- ի թղթակցի հարցին ի պատասխան այդ մասին հայտնեց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը հավելելով, որ քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել):

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ միջադեպը գրանցվել է հոկտեմբերի 26-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 խումբը դեպքի վայր գնալիս լուսային փարոսիկները միացրած ճանապարհ է խնդրել «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վերջինս դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող փրկարարների վրա և ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց վրա։

Պարզվել է, որ այդ անձը եղել է Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանը:

ՀՔԾ-ից հայտնեցին նաև, որ կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել