Հանրահայտ երգչուհի և օսկարակիր դերասանուհի Լեդի Գագան Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում, որը հրապարակվել է Elle ամսագրի դեկտեմբերյան համարում, խոսել է հոգեկան առողջության մասին, գրում է Fox News-ը:

Հարցազրույցի ժամանակ երգչուհին ասել է. «Ես իրականում այս մասին շատ չեմ բարձրաձայնել, բայց, կարծում եմ, կարևոր է, որպեսզի մարդիկ լսեն և իմանան՝ ես երկար ժամանակ ընկճախտով են տառապել»:

Դերասանուհու խոսքով՝ այդ վիճակից դուրս է եկել այն ժամանակ, երբ գիտակցել է, որ իր խնդիրների մասին չի խոսում մարդկանց հետ և նրանցից օգնություն չի խնդրում:

«19 տարեկան էի, երբ ինձ պարբերաբար բռնաբարում էին: Իմ մասնագիտական կյանքի ընթացքում տարիներ շարունակ հոգեբանական տրավմաների եմ ենթարկվել, բայց ես կարողացա ողջ մնալ և առաջ շարժվել»,- հայտնել է 33-ամյա Լեդի Գագան:

Նրա խոսքով՝ մինչև այժմ տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումից և քրոնիկ ցավերից: «Հետտրավմատիկ սթրեսային խանգարումն իմ կյանքի մասն է: Ես դեղամիջոցներ եմ օգտագործում»,- խոստովանել է դերասանուհին:

Երգչուհու խոսքով, թեև կյանքում իրեն հանդիպած դժվարություններին, նա շարունակել է առաջ քայլել:

«Ցանկանում եմ, որ բոլորն իմանան, որ պետք է առաջ շարժվել, որ նրանք կկարողանան հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն և ինչու ոչ՝ հաղթել իրենց Օսկարը»,- ասել է դերասանուհին և հավելել. «Ինքնասպանության մտքեր ունեցող ցանկացած մարդու համար մի խորհուրդ ունեմ՝ սառույց: Եթե ձեր ձեռքերը սառույցով լի տարայի մեջ դնեք, այն կցնցի ձեր նյարդային համակարգը և կվերադարձնի իրականություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել