Pastinfo.am-ը գրում է.

Երբ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը շրջանառել ենք, առաջինը այն ներկայացրել ենք մեր գործընկեր բուհերին, որոնցից միայն ԵՊՀ պատմության ֆակուլտետն է այդ կետի հետ կապված անհամաձայնություն հայտնել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։

Վերջինս մամուլից է տեղեկացել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դասադուլ իրականացնող ուսանողների մասին։

ԿԳՄՍ փոխնախարարն ասաց, որ գործող օրենքում գրված է, որ հայոց լեզուն և գրականությունը պարտադիր են։ Նոր օրենքի նախագածի աշխատանքային տարբերակում այն բացակայում է, ինչը սակայն չի նշանակում, որ այդ առարկաները բուհերում չեն դասավանդվելու. «Այդ լիազորությունը տրված է բուհերի գիտական խորհուրդներին, ամբիոններին և ֆակուլտետային խորհուրդներին։ Այսինքն օրենքում մենք դրա մասին չենք գրում, բայց եթե բուհի գիտական խորհուրդը գտնում է, որ օրինակ տնտեսագետ պատրաստելու համար իրենց ուսումնական ծրագրում պարտադիր պետք է ուսուցանեն հայոց լեզու և հայոց պատմություն, ապա նախարարությունը կամ օրենքն այստեղ արգելք չեն հանդիսանում»,-ասաց ԿԳՄՍ փոխնախարարը։

Նրա համար անհասկանալի է ուսանողների դասադուլն այն պարագայում, երբ նախարարություն չեն ներկայացրել որևէ առաջարկ կամ դիմում, ոչ էլ հանդիպում ունենալու ցանկություն են հայտնել. «Մենք բաց ենք քննարկումների համար։ Բաց ենք կարծիքներ լսելու համար և եթե կներկայացվի այնպիսի հիմնավոր կարծիք, որին հակադարձելու արգումենտներ չենք ունենա, պատրաստ ենք նաև ընդունել նրանց առաջարկներըն օրենքի աշխատանքային տարբերակի հետ կապված»,-նշեց Գրիշա Թամրազյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ նախարարությունում դասադուլ իրականացնող ուսանողների առաջարկությունների հետ կապված որևէ դիմում մուտք չի եղել։

Նա ընդգծեց, որ օրինագիծը չի արգելում համալսարաններում հայոց լեզու և հայոց պատմություն առարկաների դասավանդումը, պարզապես բարձրագույն կրթության և գիտահետազոտական օրենքի մասին նախագծից հանվում է պարտադիր պահանջը։ Փոխնախարարի խոսքով լիազորությունն անցնում է բուհերին, քանի որ նրանք են կազմում ուսումնական ծրագիրը, որն էլ վերջնական հաստատվում է գիտական խորհրդում. «Այստեղ օրենքի հետ կապված թյուրըմբռնում կա։ Տպավորություն է ստեղծվում, որ նախարարությունն արգելում է, բայց՝ ոչ։ Առաջարկում եմ բոլոր բուհերին գիտական խորհրդի նիստ հրավիրել և քննարկել այս հարցը։ Եթե ցանկանում են իրենց ուսումնական ծրագրերում պարտադիր թողնել այդ առարկաները, ինչպես նախկինում է եղել, նախարարությունը չի խոչընդոտում»,-հավելեց փոխնախարարը՝ նկատելով, որ ուսանողների բողոքի հասցեատերն այս դեպքում ստացվում է՝ ոչ թե նախարարությունը, այլ բուհական գիտական խորհուրդն է։

Գրիշա Թամրազյանը վստահեցնում է՝ հետագայում, երբ ստանան ուսանողների պահանջները, առաջարկները, քննարկում կկազմակերպեն և կլսեն նրանց։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողները դասադուլ են իրականացնում։ Նրանց են միացել նաև պատմության ֆակուլտետի մի քանի ուսանողներ և դասախոսներ։ Այս պահին դեկանատում քննարկում է տեղի ունենում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել