Մի խոսք ունեմ, «իլթիմազով, ականջ արա, աչքի լուս»՝ իշխանական թիմի իմ ընկերներին:
Մի պարզ ուղեցույց կա, մի պարզ չափորոշիչ ձեր բոլոր գործողությունների, քայլերի, տեսակետների համար, այն է՝ դուք հայ ժողովորդի 80 տոկոսի ընտրյալներն են, հայ ժողովրդի 80 տոկոսն եք ներկայացնում:
Դուք չեք ներկայացում ինքներդ ձեզ, ձեր կարծիքները, ձեր ճաշակները, ձեր տեսակետները:
Դուք պարտավոր չեք այս աշխարհում ոչ մեկին՝ ռուսին, թուրքին, ամերիկացուն, վրացուն, նույնիսկ՝ Պապուա Նոր Գվինեային:
Դուք պարտավոր չեք նաև ինչ-որ վերացական ճիշտ ու սխալին:
Դուք ներկայացնում եք, պարտավոր եք և ուժեղ եք միայն հայ ժողովորդին, նրա մեծամասնության շահերին, ձգտումներին, պատկերացումներին:
Այդ մի ճանապարհը կա, մնացած բոլոր ճանապարհները փակուղի են և գայթակղություն: Եթե սա չհասկանաք, ուրիշ ոչինչ չեք հասկանա:
Դուք ուժեղ եք սրանով ու միայն սրանով: Մնացած ամենով դուք սովորական մահկանացու եք, անզոր՝ աշխարհի ամեն ինչի դեմ: Դուք պատասխանատու եք միայն էս ժողովորդի պատմության առաջ, էս ժողովորդի պատմության «դերասաններն եք» ու դատվելու եք էս ժողովորդի պատմության առաջ:
Մնացածը պատրանք է, ժամանակավոր է, այսրոպեական է, թեև պահի տակ կարող է թվալ շատ զորեղ, ուժեղ: Միշտ էլ թվում է:
Իհարկե, քաղաքական ուժը մենակ արտահայտող չէ, նաև առաջնորդող է: Բայց մի «խորամանկություն» կա․ առաջնորդում է նա է, երբ դու կարողանում ես լավագույնս բացահայտել, իմաստավորել, կազմակարպել տվյալ ժողովրդի բնազդը, զգացողությունը, դարձնել այն բանականություն:
Կեղծ առաջնորդումն այն է, որ դու քեզ դնում ես «իմաստուն Պետրոսի» տեղ՝ անգրագետ Պողոսի նկատմամբ:
Նույնիսկ հեռավոր հուշ չի մնա այն մասին, ով տրվի վերջին գայթակղությանը: Վստահ եմ՝ հասկանալի է՝ ինչի մասին եմ խոսում: Կոնկրետ թեմաները չեն նույնիսկ կարևոր, մոտեցումը:
Ու երրորդ ճանապարհ այստեղ չկա: