Այսօր՝ նոյեմբերի հինգին. ինձ զանգահարեց ոմն անծանոթ և ներկայացավ որպես Ոստիկանության 6-րդ վարչության աշխատող և «հրավիրեց» վարչություն՝ բացատրություն տալու իմ ս․թ․ հոկտեմբերի 30-ի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ։ Պատասխանեցի, որ հրաժարվում եմ ներկայանալ և պարտավոր չեմ բացատրություն տալ (օրնենքով բացատրություն տալու պարտավորություն կամ բացատրություն տալու նպատակով ներկայանալու պարտավորություն ոչ ոք չունի)։

Թվաց, թե հարցը սպառված է, բայց ոչ։ Երեկոյան՝ մոտավորապես ժ․ 19.10-ին, մեր բնակարանի շեմին նկատեցի երկու անծանոթների։ Հարցին, թե ովքեր են, պատասխանեցին՝ 6-րդ վարչությունից և շուրջ 15 րոպե պահանջում էին դուռը բացել և ստորագրել ինչ-ինչ փաստաթղթեր։ Եվս մեկ անգամ մերժեցի՝ բացատրելով մեր «փառապանծ» իրավապահ մարմինների աշխատողներին, որ բացատրություն տալ կամ չտալը իմ իրավունքն է, և որ իրենք իրավունք չունեն ինձնից ստիպողաբար բացատրություն կորզելու։ Կարծում եմ՝ ոստիկանները քաջատեղյակ են օրենսդրական կարգավորումներին, ու նման պարագայում այս ամենը ես համարում եմ ոչ միայն «իրավական» ապօրինություններ, այլև սպառնալիքներ իմ և իմ ընտանիքի նկատմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել