Pastinfo.am-ը գրում է.

Հայերս՝ որպես քրիստոնյա ազգ, պետք է մեր երեխաների մեջ դնենք բարոյական այն արժեհամակարգը, որը քարոզում է քրիստոնեությունը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը։ Նա նշեց, որ դեռևս վարչապետի և վեհափառի միջև համապատասխան համաձայնագրից առաջ՝ 1999 թ.-ին, այն դպրոցում, որի տնօրենն է եղել, որպես ընտրովի առարկա է ներդրել «Քրիստոնեական կրթություն» առարկան։ 

«Ես դա արել եմ, և դպրոցում ունեցել ենք հանդուրժողականության մի մթնոլորտ, որտեղ զուգահեռ ներառվել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ։ Այսինքն քրիստոնեական կրթությունը և ներառական կրթությունը զուգահեռ բերել եմ դպրոց և հավատում եմ դրան»,-ասաց Անահիտ Բախշյանը։

Վերջինս կողմնակից է քրիստոնեական կրթությանը։ Հասկանում է, որ դպրոցը, կրթությունը պետք է աշխարհիկ լինեն, սակայն պնդում է՝ մեկը մյուսին չի խանգարում։ Երեխան պետք է կրոնի և որոշ կրոնների մասին էլ իմանա։

«Երբեմն ասում են՝ ով քրիստոնեությունը չի ընդունում, աթեիստ է, նա հայ չէ։ Չէ, կներեք հայ է։ Իհարկե, ազգությունը կրոնով չի պայմանավորված։ Բայց որտե՞ղ մենք պետք է հասարակության համար կրթենք անհատներ, ապագա քաղաքացիներ, որոնք իրենց ականջին օղ կանեն «մի՛ գողացիր», «մի՛ շնացիր», «ուրիշին վատություն մի՛ արա» արժեքները, որոնցով հարստացված է էակը՝ երեխան։ Նա էլ դառնում է այն քաղաքացին, որի մասին երազում ենք և ուզում ենք, որ մեր հասարակությունն այդպիսին լինի հատկապես այս ժամանակներում, երբ թշնամությունը, ատելությունը, իրար վիրավորելը դարձել է ապրելակերպ և մտածելակերպ»,-նշեց Անահիտ Բախշյանը։

Համամիտ է՝, որ հայոց եկեղեցու պատմություն առարկայի բովանդակության մեջ փոփոխություններ պետք է լինեն, առարկայի ծրագիրը վերանայման կարիք ունի, բայց դպրոցում չխոսել հայ եկեղեցու պատմական դերի մասին, ուղղակի չի ընկալում։

Հարցին՝ կո՞ղմ է, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ինտեգրվի «Հայոց պատմություն» առարկայի մեջ, Անահիտ Բախշյանը նկատեց՝ գայթակղիչ միտք է, բայց արդյո՞ք պատմություն առարկայի նպատակը պետք է լինի այն, ինչը եկեղեցու պատմության դասավանդման նպատակն է. «Եթե կարող են այդ երկու նպատակները մեկտեղել, և երեխաները մեր ազգի պատմության հետ միասին նաև դավանանքի պատմությունն իմանան, իմանան՝ որն է այդ դավանանքի գաղափարախոսությունը, դեմ չեմ։ Բայց մինչև ծրագիրը չտեսնեմ, չհամոզվեմ, չեմ ասի՝ այո՛, ճիշտ է»,-հավելեց Անահիտ Բախշյանը։

Դիտարկմանն արդյո՞ք այս փոփոխությունը միտված է նվազեցնելու աշակերտների ծանրաբեռնվածությունը, Անահիտ Բախշյանը համաձայնեց, որ երեխաներին իսկապես ծանրաբեռնում են ուսումնական գերհագեցած առարկայական պլանով. «Եթե այդ երկուսը (խմբ.՝ «Հայոց եկեղեցու պատմություն» և «Հայոց պատմություն» առարկաները) կարող են համատեղել այնպես, որ արդյունքում ունենանք ապագա քաղաքացիներ, ովքեր խորությամբ կճանաչեն իրենց ինքնությունը, իրենց դավանանքը, իրենց ողնաշարի վրա կկրեն բարոյական արժեքները, որոնք այսօր վտանգված են, ես դա կհասկանամ»,-հավելեց Անահիտ Բախշյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել