Համաձայն վերջին գիտական տվյալների, կատուներն ընտանի են դարձել մոտ տասը հազար տարի առաջ Մերձավոր Արևելքում։ Նրանց նախնիները եղել են վայրի լիբիական կատուները (Felis silvestris lybica), իսկ առաջին տերերը՝ Եգիպտոսի և Լևանտի ֆերմերները։ Գիտնականները կարծում են, որ առաջին վարժեցված գիշատիչների մեջ դնչին և թաթերին բաց գույնի պտերով կենդանիներ չեն եղել. նման երանգավորման գենետիկ տարբերակներն ի հայտ են եկել միայն միջին դարերում։ Կատուների ցեղատեսակները, որոնք արտաքնապես չեն փոխվել հազարամյակներ, հաստատում են այս վարկածը։ Նման ցեղատեսակներից են Վանա կատուները՝ սպիտակ երկարամազ կենդանիներ՝ ականջների հետևում պտերով, որոնք համարվում են աշխարհում հնագույն կատվատեսակներից մեկը։ Դրանց ԴՆԹ-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայկական բարձրավանդակի Վանա լճի շրջակայքում այդ փափկամազ գազանիկները բնակություն են հաստատել արդեն մի քանի հազար տարի առաջ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Դրանց գենոմում կան մի քանի մուտացիաներ, որոնք օգնել են հարմարվել կյանքին լճի ափերին։ Այս տեսակի ներկայացուցիչները սիրում են ջուրը, հիանալի լողում են և կարողանում են ձուկ որսալ ծանծաղ ջրերում։ Նրանք չունեն բրդատակի աղվամազ, իսկ մորթին ջուր չկլանող հատկություն ունի, ուստի շատ արագ չորանում է։

Վանա կատուներին բնորոշ է ցածր գենետիկ տարատեսակությունը, քանի որ երկար ժամանակ նրանք ապրել են մեկուսացած և գրեթե չեն շփվել այլ տեսակների հետ։ Միևնույն ժամանակ, նրանք չունեն հատուկ ժառանգական հիվանդություններ, բայց երփներանգ աչքերով Վանա կատու (այսպես կոչված Վան քեդիսի) բուծելու բոլոր փորձերը պարբերաբար հանգեցնում են խուլ սերնդի ի հայտ գալուն։

Ֆինն գիտնականների աշխատանքի համաձայն, Վանա կատուներն ավելի ագրեսիվ են մարդկանց և կենդանիների հանդեպ, քան այլ ցեղատեսակների կատուները։ Նրանք համարվում են մեկ տիրոջ կատու և վարքով ավելի շատ նման են շներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել