«Ժողովրդի» վարչապետը կրկին իր մոնոներկայացումը նվիրեց նախկինների ու ներկաների հակամարտությանը՝ կրկին մոռանալով, որ ինքը ՀՀ վարչապետն է, այլ ոչ թե յուրայինների ցեղապետը: Դրանով ևս մեկ անգամ վերահաստատեց հասարակության մեջ անցկացրած իր իսկ բաժանարար գծերը:

Խնայելով ձեր նյարդերը (այն պետք է դեռ պայքարում հաղթելու համար)՝ անդրադառնամ Արցախի հետ կապված իր դիտարկումներին:

1. Հայ-ադրբեջանական հարաբերություններ

Նման բան առաջին անգամ եմ լսում, որ փաստացի պատերազմական վիճակի մեջ գտնվող Հայաստանի որևէ ղեկավար օգտագործի այդ բառերը։ Հայ-ադրբեջանական հարաբերություններ չկան, պարոն Փաշինյան, կա հայ-ադրբեջանական հակամարտություն կամ բանակցություն, բայց հարաբերություններ՝ որպես այդպիսին, չկան։ Այդ որտեղի՞ց վերցրիք, որ կան հայ-ադրբեջանական հարաբերություններ:

2. Բանակցային հարցում կա հետաքրքիր դինամիկա

Ի՞նչ դինամիկա, հետաքրքիր դինամիկան Տավուշի գյուղերի գնդակոծությո՞ւնն է, Ալիևի տխմար ռազմատենչ հայտարարությունների հաճախականությո՞ւնն է, թե՞ Ձեր արտգործնախարարի խայտառակ հարցազրույցը BBC-ին:

3. Լուծման ընդունելի լինելը Ադրբեջանի ժողովրդի համար

Արդեն իրոք անտեղի եմ համարում նույնիսկ խոսել դրա մասին, քանի որ Հայաստանի վարչապետին ընդունելի պետք է լինի միայն և միայն մեր շահը և տեսակետը, և մենք թքած պետք է ունենանք հակառակորդի համար ընդունելի տարբերակների վրա, խորապես թքած: Դա բացառապես իրենց խնդիրն է, այլ ոչ թե մեր:

4. Հանրաքվե

Ի՞նչ հանրաքվե, սա ի՞նչ տրյուկ ա: Արցախը 1991 թ․ անց է կացրել հանրաքվե, և վերջ:
Հռչակել է իր անկախությունը, և վերջ: Ի՞նչ հանրաքվե։ Դա աբսուրդ է կամ էլ արդեն նախապատրաստող հայտարարություն:

5. Արցախի իշանության տեսակետը նույնն է

Խորապես կասկածում եմ, որ Բակո Սահակյանի կյանքի նպատակն է գտնել մի տարբերակ, որը նաև ընդունելի կլինի Ադրբեջանի համար։ Եթե դա էդպես է, թող խոսի։ Նման բան նա երբեք չի ասել:

6. Ո՞ր կառավարությունն է այդքան բան արել բանակի համար, ինչքան ինքն է արե

Ասեմ՝ սա մեծամտության գագաթնակետն էր և սա պատմությունը ջնջելու հավասար հայտարարություն էր: Ուրեմն՝ Վազգեն Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Անդրանիկ Մարգարյանը, Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը չե՞ն եղել, նրանք բան չե՞ն արել, արել է Փաշինյանը, ու արել է մի մարդ, ով նույնիսկ տեղյակ չէ, թե ինչ գնով են մարդիկ կայացրել բանակը, զինել այն, իրենց սեփական երեխայի պես այն մեծացրել, որ մի նախկին լրագրող գա, իշխանություն զավթի ու ասի՝ ե՞րբ է որևէ կառավարություն բանակի համար այդքան բան արել, ինչքան ինքը: Բանակաշինության փառապանծ պատմությունն այսօր խեղաթյուրվեց ամբողջ ազգի առաջ։ Տեսնենք՝ որևէ մեկը, ով տեսել է այս տարիներին, թե ով ինչ է արել բանակի համար, ռիսկ կանի՞ հակադարձել Նիկոլին:

Որպես «դեսերտ» էլ ասեմ, որ մեկնաբանություն գրողների գերակշիռ մասին Արցախի հարցը հետաքրքիր չէր, նրանք խնդրում-աղաչում էին պաշտոնից ազատել Արայիկ Հարությունյանին այնպես, կարծես այդ նախարարը այլ գալակտիկայից է եկել և կապ չունի Փաշինյանի հետ, նույնիսկ նրան չի էլ ճանաչում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել