Նկարում պատկերված է իսրայելական օդաչուների այն խումբը, որը 1981թ. հունիս ամսին գրոհեց Իրաքի «Օսիրաք» կոչվող միջուկային ռեակտորը, որը գտնվում էր Բաղդադի մոտակայքում գտնվող ԱԼ-Թուվաթ միջակային կենտրոնում: 1970-ականներին Իրաքը սերտ հարաբերություններ ուներ թե՛ ԽՍՀՄ-ի և թե՛ արևմտյան երկրների հետ՝ ի դեմս Ֆրանսիայի: Վերջիններս Իրաքը մինչև ատամները զինել էին, սակայն Սադամ Հուսեյնին դա քիչ էր: Երբ նա 1975թ. այցելեց Մոսկվա, նրան ջերմ ընդունելություն ցույց տվեցին, սակայն Հուսեյնը չկարողացավ հասնել իր ռազմավարական նպատակին: Այնուհետև նա հայտնվեց Փարիզում, որտեղ 2 միլիարդ դոլարի դիմաց պայմանավորվեց, որ ֆրանսիացիների հետ համատեղ ջանքերով միջուկային ռեակտոր կկառուցվի Իրաքում:
Իհարկե, Իսրայելը չէր կարող ձեռքերը ծալած նստել, հատկապես որ արաբա-իսրայելական վերջին արյունալի պատերազմը ոչ վաղ անցյալում էր, իսկ Իրաքը միշտ էլ ակտիվ մասնակցություն էր ունենում Իսրայելի դեմ մարտերում: Սկզբից հակազդեցությունը գնաց քաղաքական և դիվանագիտական ճանապարհով, սակայն անհաջողությամբ ավարտվեց: Ռեակտորի կառուցումից հետո որոշվեց, որ մինչ նրա ամբողջ թափով գործելը այն պետք է ոչնչացվի: Գործողությունը ստացավ «Օպերա» անվանումը, իսկ այն սկսեց անձամբ ղեկավարել վարչապետ Մենահեմ Բեգինը: «Մոսսադ»-ը կարողացել էր հայթայթել միջուկային կենտրոնի տեղակայման վայրի քարտեզները: Որոշ դիտարկումների համաձայն՝ նրանք համագործակցել են ոչ ավել, ոչ պակաս Իրանի հետ, որը հենց այդ պահին պատերազմի մեջ էր Իրաքի դեմ:
1981թ. հունիսի 7-ին մի խումբ կործանիչներ, «Էցիոն» օդնավակայանից թռչելով, սկսեցին իրենց գրոհը: Նրանք անցան Կարմիր ծովով և Սաուդյան Արաբիայի տարածքի մի մասով: Մտնելով Իրաք՝ նրանք բաժանվեցին: Ինքնաթիռների մի խումբը թռավ այլ ուղղությամբ, որպեսզի շեղի հակառակորդի զգոնությունը, իսկ հարվածային խումբը ստիպված էր թռչել գետնից 30 մետր բարձրության վրա, որպեսզի հակառակորդի ռադարները չֆիքսեն նրանց: Հասնելով ռեակտորի տեղակայման վայր՝ նրանք կտրուկ բարձրություն հավաքեցին և ոչնչացրին միջուկային ռեակտորը: Իհարկե, դրանից հետո Իսրայելը կրկին միջազգային սկանդալի մեջ հայտնվեց, սակայն դա հրեաներին քիչ էր հուզում: Դա հատկապես երևան ՊՆ Արիել Շարոնի հայտարարությունից, որը նա ունեցավ 1981թ. դեկտեմբեր ամսին․ «Մեր ռազմական քաղաքականության անբաժանելի տարրերից է թշնամական երկրներին ատոմային զենքի հնարավորությունից զրկելու հնարավորությունը: Դա մեր համար քաղաքական հավասարակշռության հարց չէ, այլ գոյատևման հարց է, այդ իսկ պատճառով մենք պետք է հենց բնում ոչնչացնենք վտանգը»։