Հետազոտողները գնահատել են հինգ հազար մարդու կատակները և լուրջ վիճակագրական վերլուծություն են պատրաստել:

Տղամարդիկ միջին հաշվով ավելի կատակասեր են, քան կանայք, պնդում են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հոգեբանները, գրում է Psychology Today-ը: Հաղորդվում է, որ գիտնականներն ամփոփել են նախկինում իրականացված 28 նմանատիպ ուսումնասիրությունները, որոնց մասնակցել է ավելի քան հինգ հազար մարդ:

Նրանցից քանիսն են եղել տղամարդիկ, քանիսը կանայք, չի նշվում:

Փորձի մասնակիցներին խնդրել են կատակել, օրինակ, զվարճալի մակագրություն անել ծաղրանկարին: Հոգեբանները գնահատելով նրանց սրամտությունը, եզրահանգել են, որ տղամարդկանց 63 %-ն ավելի լավ հումոր ունի միջին վիճակագրական կնոջից:

Միևնույն ժամանակ, հետազոտողները շեշտել են, որ հիմք չեն տեսնում բացարձակապես բոլոր տղամարդկանց կանանցից ավելի սրամիտ համարելու համար: Նրանք հիշեցրել են հայտնի կատակերգու դերասանուհիներին, այդ թվում՝ Լյուսիլ Բոլին, Ջոան Ռիվերսին, Սառա Սիլվարմանին, Թինա Ֆեյին և Ալի Վոնգին և նշել են, որ այս կանայք հումորի զգացումով գերազանցում են տղամարդկանց 99.9 %-ին:

Հոգեբանները տղամարդկանց կատակելու միջին վիճակագրական գերազանցությունը բացատրել են նրանով, որ նրանք պետք է մրցեն միմյանց հետ կանանց ուշադրության համար, քանի որ կանայք, որպես կանոն, հումորի զգացում ունեցող զուգընկեր են ընտրում: Միևնույն ժամանակ, տղամարդիկ ավելի հաճախ մեծ նշանակություն չեն տալիս կանանց սրամտությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել