Ջուդ Լոու

Հայտնի բրիտանացի դերասանն աշխատում է թատրոնում և կինոյում: Նրան հիշում են առավելապես «Սառը լեռ» և «Տաղանդավոր պարոն Ռիպլի» ֆիլմերից: People ամսագիրը նրան համարում է մոլորակի ամենակրքոտ տղամարդը:
Ավստրալացի դերասանուհի Նաոմի Ուոթսը, ով ֆիլմերից մեկում աշխատել է Ջուդի հետ, ասել է, որ նա մոլորակի վրա երբևէ ապրած ամենագեղեցիկ տղամարդն է:

Հայտնի դերասանուհի Նիկոլ Քիդմանը խոստովանել է, որ Ջուդ Լոուն չափազանց կրքոտ է՝ շնորհիվ նրա աչքերից ճառագող ջերմության:

Դերասանուհի Ռեյչել Ուեյցը կարծում է, որ Ջուդն ամենագեղեցիկ աչքերն ունի: Բացի աչքերից՝ կանանց գրավում են նաև նրա ձայնի ցածր տեմբրը, խորհրդավոր ժպիտն ու հստակ դիմագծերը:

Մերլին Մոնրո

Մերլին Մոնրոյին ներկայացնելու կարիք, կարծում ենք, չկա: 50-60-ական թվականներին նա կանացի գեղեցկության ու հմայքի խորհրդանիշ էր համարվում: Հաստ շուրթերով և փայլող մաշկով շիկահերը ոչ միայն պարզապես գեղեցիկ էր, այլև շատ կանացի:

Մոնիկա Բելուչին խոստովանել է, որ Մոնրոյի կանացիությունն այնքան վառ էր, որ մյուս դերասանուհիները նրա ֆոնին պակաս հմայիչ են երևում:

Հետաքրքիրն այն է, որ Մերլինն ի ծնե թուխ մազեր ուներ, սակայն փոխել է մազերի գույնը՝ հետաքրքիր կերպար ստեղծելով և այլևս դրանից չհրաժարվելով:

Մաշկի փայլը ստեղծելու համար Մոնրոն մարմնին վազելինի հաստ շերտ էր քսում, ապա՝ դիմափոշով պատում դեմքը:

Առօրյա կյանքում նա գրեթե երբեք չէր դիմահարդարվում, քանի որ կոսմետիկան վատ էր անդրադառնում մաշկի վրա: Եվ, չնայած որ այն ժամանակ նորաձև էր համարվում արևայրուքը, նա դա երբեք չի ընդունել, քանի որ գեղեցիկ չէր համարում:

Շուրթերը վիզուալ ավելի լիքը ցույց տալու համար նա օգտագործում էր 5 տարբեր երանգի շրթներկ:

Վիվիեն Լի

Անսահման գեղեցիկ Վիվիեն Լին նաև տաղանդավոր դերասանուհի էր: Նա արժանացել է երկու Օսկարի:
Վիվիենը իր ժամանակների ամենագեղեցիկ և տաղանդավոր կանանցից մեկն էր: Նրա հստակ դիմագծերը, վառ աչքերը և գեղեցիկ կազմվածքը նրան անկրկնելի էին դարձնում:

Ռեժիսոր Օրսոն Ուելսը նրա մասին ասում էր, որ յուրաքանչյուր սերնդում հազվադեպ է հանդիպում կին, որից ոչ ոք չի կարողանում աչք կտրել: Ինքը՝ կինը, կարծում էր, որ իր գեղեցկության «պատճառը» իռլանդական, անգլիական և հայկական արյան խառնուրդն էր:

Նա սիրում էր կրկնել, որ տգեղ կանայք չեն լինում, պարզապես նրանցից մի քանիսը չգիտեն, որ գեղեցիկ են:

Սիմոնետա Վեսպուչի

Ֆլորենցիայի կառավարիչը Լորենցո Մեդիչին էր՝ խելացի, փիլիսոփայության ու գրականության գիտակ: Նա տգեղ էր, նիհար ու կարճահասակ՝ ի տարբերություն կրտսեր եղբոր՝ Ջուլիանոյի: Նրան պաշտում էին բոլոր կանայք, սակայն նա սիրահարված էր Սիմոնետա Վեսպուչիին:

Սիմոնետայի ամուսինը կնոջը Ֆլորենցիա էր բերել հյուսիսից, և Ֆլորենցիայում կինը գերել էր բոլորի սրտերը: Նրա գեղեցկությունը նուրբ ու փափուկ էր՝ ոսկեգույն փարթամ վարսեր, երկար պարանոց, բարակ ձեռքեր:
Նրան սիրահարվել էին Մեդիչի եղբայրները, ովքեր բանաստեղծություններ ու երգեր էին կնոջը նվիրում: Հենց նրա գեղեցիկ դեմքն է պատկերել Բոտիչելին իր կտավներից շատերում, այդ թվում՝ «Վեներայի ծնունդում»: Սակայն աղջիկը մահացավ 23 տարեկանում հիվանդության պատճառով:

Կլեոպատրա

Կլեոպատրան Եգիպտոսի թագուհին էր: Նա հայտնի էր դարձել, քանի որ Մարկոս Անտոնիոսի նկատմամբ մեծ սեր էր տածում: Մինչ օրս հայտնի չէ, թե ինչպիսի տեսք ուներ նա:

Մետաղադրամների վրա նրան պատկերում են ալիքավոր վարսերով, արտահայտիչ քթով, խոշոր աչքերով: Սակայն կան վկայություններ, որ նա նաև խելացի կին էր:

Պլուտարքոսը նրա մասին գրել է, որ Կլեոպատրայի գեղեցկությունը չէր տպավորում առաջին հայացքից, սակայն մարդկանց հետ շփվելիս նա այնքան գեղեցիկ ու համոզիչ էր խոսում, որ ներթափանցում էր զրուցակցի հոգու մեջ:
Նա հետաքրքիր ձայն ուներ, որը շոյում էր դիմացինի ականջները: Ցավոք, նրա կյանքը ողբերգական ավարտ ունեցավ. Կլեոպատրան ինքնասպան է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել