Մեքսիկայում, Էկատեպեկ-դե-Մորելոս քաղաքում, քանդակներով և որմնանկարներով զարդարված ացտեկների գաղտնի թունել են հայտնաբերել, գրում է Daily Mail-ը:
Թունելը հայտնաբերել են բանվորները՝ ավտոբուսի կանգառի կառուցման ժամանակ: Շինարարական աշխատանքները դադարեցվել են, անմիջապես ժամանել են հնագետները:
Ըստ նախնական տվյալների, թունելը կառուցվել է XV դարում՝ Մոնթեսումա I թագավորի կառավարման օրոք: Նա հայտնի էր իր վիթխարի շինարարական նախագծերով. նրա օրոք կառուցվել է երկկողմանի քարե ջրատար՝ Տենոչթիթլանին խմելու ջրով ապահովելու համար, հզոր ամբարտակ՝ ջրհեղեղներից պաշտպանության համար և բուսաբանական այգի, որի տեսականու համար սուրհանդակներ են ուղարկվել ամբողջ երկրով մեկ:
Թունելը նվիրված է Տլալոքին՝ ջրի և պտղաբերության աստծուն: Նրան երկրպագում էին և վախենում, հավատում էին, որ նա կարող է ջրհեղեղ ուղարկել կամ թունավորել աղբյուրները: Թունելում հայտնաբերվել են արձանների բեկորներ, ապակուց և մայոլիկից պատրաստված իրեր, ինչպես նաև փայտե դարպասի մնացորդներ, որոնցով փակվում էր անցումը:
Թունելի նշանակությունը դեռ պարզ չէ, բայց այն կարող է խորհրդանշական անցուղի լինել դեպի Մեռյալների երկիր: Սակայն հնագետները դեռ չեն ավարտել ուսումնասիրությունները: