Armdaily.am-ը գրում է.

Ինչպես արդեն հայտնել ենք, ADTV «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանն անդրադառնալով սեպտեմբերի 6-ին իրեն կողոպտելու և դրա բացահայտման ուղղությամբ ոստիկանության կատարած աշխատանքին, հայտարարել էր, որ Նարեկ Մութաֆյանը եղել է «պոդիեզդում» իր վրա հարձակվողներից մեկը, իսկ նրան աջակցել է Լևոն Քոչարյանը, իհարկե Աննա Դանիբեկյանի գործով, բայց ինքը գիտի դա ինչ կապ է. «Էնպես որ, ես առնվազն պատվիրատուի և կատարողի երկու անուն տվել եմ»։

Սա հանցագործություն է, նախատեսված քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով՝ այն է՝ սուտ մատնություն կատարելը, որովհետև Նարեկ Մութաֆյանը այդ պոդեզդում չի եղել և իր հեռախոսի հետ կապ չունի, Լևոն Քոչարյանը առավել ևս և իմաստ էլ չեմ տեսնում սա մեկնաբանել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Մութաֆյանի շահերի պաշտպան Վահե Եփրիկյանը։

«Մենք արդեն Ստյոպա Սաֆարյանի հաղորդման կապակցությամբ դատախազություն հաղորդում ենք ներկայացրել, քանի որ նա, ըստ էության խախտելով Նարեկ Մութաֆյանի անմեղության կանխավարկածը, նրա նկատմամբ կատարել է սուտ մատնություն, ըստ էության 333-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներն են առկա Ստյոպա Սաֆարյանի փաստացի կատարած հանցագործության մեջ, որովհետև 333-րդ հոդվածը նախատեսում է սուտ մատնություն, Նարեկ Մութաֆյանը այդ «պոդեզդում» չի եղել, իր հեռախոսի հետ որևէ կապ չունի և իր վրա իրականացրած ենթադրյալ հարձակման դեպքի հետ ևս որևէ կապ չունի։

Եթե Ստյոպա Սաֆարյանը տեղեկատվություն ունի, թող ներկայացնի, ի վերջո այդ գործով որքանով ես եմ տեղյակ, ինքը ունի տուժողի դատավարական կարգավիճակ, սա մեկ, երկրորդ՝ Նարեկ Մութաֆյանի և Լևոն Քոչարյանի մասով՝ կատարող և պատվիրատու հարաբերության մեջ կարող եմ փաստել, որ դա զրպարտություն է, բայց մինչև հասնելը քաղաքացիաիրավական կարգավորմանը զրպարտության մասով»,- ասաց Եփրիկյանը։

Եփրիկյանը նշեց, որ արդեն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. «Հաղորդում ներկայացրել եմ հանցագործության մասին, այն է Ստյոպա Սաֆարյանի կողմից Նարեկ Մութաֆյանի անմեղության կանխավարկածը խախտելու միջոցով վերջինիս նկատմամբ ակնհայտ սուտ մատնություն կատարելը։ Հանցագործության մասին հաղորդումը դատախազություն մուտք եմ արել երեկ»։ 

Անդրադառնալով Ստյոպա Սաֆարյանի այն հայտարարությանը, որ այլ անձանց անուններ ևս կարող է հնչեցնել՝ Եփրիկյանը նշեց. «Բնականաբար ինքը կարող է տալ կամ տալու է այնպիսի անուններ, լինելով իշխանության կամակատար տալու է մարդկանց անուններ, որոնց մեջ տեսում է թիրախներ։

Գործը, որով հիմա Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը կալանավորված են, ակնհայտորեն փլվում է և փորձում են ուղղակի վերանորոգել գործը՝ Ստյոպա Սաֆարյան իշխանական կամակատարի միջոցով։ Սա իմ ենթադրությունն է, որը բացառապես հիմնված է օբյեկտիվ փաստերի համադրության և համալիր վերլուծության վրա։ Որևէ պատճառաբանություն չեմ կարողանում գտնել, գուցե Ստյոպա Սաֆարյանը ցանկանում է սիրաշահել իշխանություններին, գուցե ցանկանում է արջի ծառայություն մատուցել Նիկոլ Փաշինյանին կամ այլոց»։ 

Անդրադառնալով Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի՝ դատավար Աննա Դանիբեկյանի գործով կալանավորման գործին, Եփրիկյանը նշեց, որ այս գործով դեռևս նորություն չկա. «Միակ նորությունը այն է, որ մեր ներկայացրած վերաքննիչ բողոքների որոշումները դեռևս չենք ստացել ու ըստ էության կարծես թե կրկին դատավարական ժամկետները արհեստականորեն ձգձգվում են և բնականաբար չեն կարողանում պատշաճ կերպով, պատշաճ ժամկետների մեջ այդ մարդկանց՝ պաշտպանյալների կալանավորման տակ գտնվելու իրավաչափությունները վիճարկենք բողոքարկենք այդ ամբողջը»։ 

Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով Ստյոպա Սաֆարյանի կողմից իր հասցեին հնչեցված մեղադրանքներին, հայտնել էր, որ անհեթեթ խոսակցությունը չի ցանկանում մեկնաբանել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել