1in.am-ը գրում է.
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ ընթանում է Թովմաս Վարդանյանի գործի դատավարությունը:
Արարատի մարզի Ազատաշեն գյուղի 20-ամյա բնակիչ, նախկինում չդատված Թովմաս Վարդանյանը Գետափնյա գյուղի բնակչուհի Հ.-ին 100 հազար դրամ պարտք է եղել: Երբ պարտատերը պահանջել է այդ գումարը, Թովմասը, առաջադրված մեղադրանքի համաձայն, շահադիտական դրդումներով՝ «պարտքը չվերադարձնելու, նյութական օգուտ ստանալու ձգտմամբ» որոշել է սպանել Հ.-ին:
Այդ նպատակով նա 2013 թվականի հունվարի 21-ին Ազատաշեն-Արբաթ ավտոճանապարհի ձախ մասի դաշտում, նախապես իր հետ վերցրած ուրագով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ գլխին, պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Տեսնելով, որ չի կարողացել ուրագով սպանել՝ Թովմասը ձեռքերով փակել է իր զոհի շնչառական ուղիները՝ փորձելով շնչահեղձ անել նրան: Հ.-ն ուշագնաց է եղել: Թովմասը, կարծելով, թե տուժողն արդեն մահացել է, հեռացել է դեպքի վայրից: Բայց, փաստորեն, նա հանցավոր մտադրությունը ավարտին չի հասցրել իր կամքից անկախ պատճառներով:
Թովմաս Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել շահադիտական դրդումներով սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:



