Armlur.am-ը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հոկտեմբերի 29-ին նիստ է հրավիրել, որին կրկին շատ քիչ պատգամավորներ են մասնակցել: Չնայած այն հանգամանքին, որ արդեն խմբակցության ղեկավարը զգուշացրել է, որ պետք է նիստերից չբացակայեն, մինեւնույնն է, պատգամավորները շարունակում են չներկայանալ նիստերին:

Ըստ մեր տեղեկությունների` նիստի ժամանակ քննարկվել է այսօրվա ԱԺ պետաիրավական հարցերի, մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգը, որին մասնակցելու են նաեւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները: Նպատակ կա պատգամավորներին ներկայացնել Ստամբուլյան կոնվենցիայի դրույթները, ինչն անհանգստացրել է իշխանության որոշ ներկայացուցիչների:

Հիշեցնենք, որ նախատեսված է, որ նիստում քննարկվելու է «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) նկատմամբ առկա կարծրատիպերը եւ դրանց հաղթահարման հնարավորությունները: Ըստ մեր տեղեկությունների` իշխանությունները այդ պարտականությունը վստահել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանին, որը պետք է «կանտրոլի» տակ պահի ամբողջ քննարկման ընթացքը:

Բանն այն է, որ Հայաստանում անհանդուրժողական վերաբերմունք է Ստամբուլյան կոնվենցիայի առանձին դրույթների շուրջ, եւ այս հանդիպումով Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները նպատակ ունեն ներկայացնել Ստամբուլյան կոնվենցիայի իրական նպատակները, որն արդեն վրդովվեցրել է հանրության մի հատվածին:

Պատգամավորների մի հատվածի համար էլ անհասկանալի է, թե ինչու են նիստը փակ դռների հետեւում անցկացնում, եթե պետք էր հանրությանը ներկայացնել կոնվեցիայի բուն նպատակը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` շատ պատգամավորներ արդեն որոշում ունեն չմասնակցելու քննարկմանը, քանի որ համարում են այն անարդյունք: Բայց իշխանական մի հատվածը կողմ է այս կոնվենցիայի վավերացմանը ու ավելին` ջատագովն է այն ընդունելուն: Ու իշխանական քննարկումներից պարզ է դարձել, որ իշխանությունները նպատակ ունեն այն առաջիկայում վավերացնելու:

Իսկ թե ինչ կլինի այսօր, ինչպիսի քննարկում տեղի կունենա, ու արդյոք այն կընդունվի, թե ոչ, պարզ կլինի առաջիկայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել