Armdaily.am-ը գրում է․
Առաջիկա երեք տարում մենք պետք է սկսենք զանգվածային հայրենադարձություն: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը. «Ես միանշանակ հավատում եմ, որ զանգվածային հայրենադարձությունը հնարավոր է, դրա նախադրյալները կան, պարզապես պետք է հասնենք այդ կետին հաջորդ մի քանի տարվա ընթացքում: Պետք է հանենք բոլոր խանգարող հանգամանքները»:
Սինանյանը նշեց՝ այնպես չէ, որ հեղափոխությունից հետո մեկ գիշերում ամեն բան փոխվել է. «Կամ մենք որպես պետություն կայանում ենք և ստեղծում ենք բնակչության կրիտիկական մասսա, որ անհրաժեշտ է պետության երկարատև հարատևման համար, կամ չենք անում: Մենք այլընտրանք չունենք: Մենք աշխատում ենք 2050 թվականի մեր տեսլականի վրա, որի մեջ նշվում է, որ մինչև 2050 թվականը պետք է ունենանք առնվազն 5 մլն բնակիչ: Իհարկե, իրատեսական է, եթե քաղաքական կամք ունենանք»:
Դիտարկմանը, որ երեկ Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ եթե իրեն ձերբակալելու արդյունքում ներգաղթ կլինի, թող ձերբակալեն, Սինանյանն արձագանքեց. «Դա իր թեզն է, իմը՝ չէ: Ես լուրջ համակարգային փոփոխությունների մասին եմ խոսում»: