Մոտենում է ամառային արձակուրդների շրջանը, շատերը մեկնում են հանգստանալու, հաճելի ժամանակ անցկացնելու, վերադառնում են արտերկիր մեկնած անձինք, ինչից հետո մեծանում է սեռավարակների խնդիրներ ունեցող անձանց թիվը, որոնք դիմում են բժիշկների օգնությանը: Սեռավարակների խնդրով դիմում են միջինը 18-24 տարեկան անձինք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի մաշկաբան, սեռավարակաբան Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ մեզանում սեռավարակներով վարակված անձանց միայն 15 տոկոսն է ստանում համապատասխան բուժում, իսկ մնացած 85 տոկոսի բուժումը տեղի է ունենում կիսատ-պռատ, ու նրանք փաստացի հանդես են գալիս որպես «վարակակիրներ ու նպաստում են սեռավարակների տարածմանը»: Ըստ մասնագետի՝ սեռավարակներից պաշտպանվելու ամենալավ եղանակը ոչ թե պահպանակն է, այլ հավատարմությունը: 

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդունարանի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռուսուդան Վարդանյանն էլ իր հերթին նշեց, որ ժամանակին չբուժված սեռավարակները կարող են հանգեցնել անպտղության, իսկ չպաշտպանված սեռական հարաբերությունները՝ անցանկալի հղիությունների ու դրանց արհեստական ընդհատման, ինչի տոկոսը մեզանում բարձր է: 

Ինչ վերաբերում է անպտղության խնդրին, ապա, ըստ նրա, անպտղության մասին ահազանգում են 13 տոկոսից ավելի դեպքերում, իսկ մեզանում այն կազմում է 17-18 տոկոս: 

«Մենք ընդօրինակում ենք ազատ սեռական հարաբերությունները, սակայն պաշտպանված սեռական հարաբերության մշակույթ չունենք: Եվրոպացու համար ազատ սեռական հարաբերությունները նորմալ են, քանի որ նրանք պաշտպանված են: Մեզանում տղամարդիկ խուսափում են պաշտպանվելուց, կանայք՝ հորմոնալ դեղերի օգտագործումից»,- ասաց նա: 

Մանկաբարձ-գինեկոլոգի խոսքով՝ հղիությունների ընդհատման դեպքերը կազմում են 10-15 տոկոս, շատերը նախընտրում են դեղատներից առանց բժշկական ցուցումների գնել ու օգտագործել հաբեր, որոնք էլ առաջացնում են հղիության արհեստական ընդհատւմ: Նա նշեց, որ հիմնականում հղիության արհեստական ընդհատման են դիմում այն կանայք, ովքեր արդեն ունեն երեխաներ ու կարիք ունեն ընտանիքի պլանավորման, թեև ընդգծեց, որ կան նաև այնպիսի կանայք, ում առաջին հղիությունն է: Նրանց պարագայում, ըստ մասնագետի, բարձր է հետագա բարդությունների առաջացման հավանականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել