Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ լրագրողական համայնքի մեծ մասը կամ պատվեր է կատարում «օֆշորային սկանդալի» մասին նյութեր հրապարակելով, կամ ուղղակի վաճառվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին վարկաբեկելու գործին:

Slaq.am-ը օրեր առաջ հրապարակեց մի փաստաթուղթ, որի տակ առկա է կնիք և ապացուցում է, որ օֆշորային գործարքի մեջ ոչ վարչապետի, ոչ էլ Սրբազանի անունները չկան, և որևէ մի լրատվամիջոց չի անդրադառնում այս հոդվածին ու չի փորձում պարզել, թե արդյո՞ք այս փաստաթուղթը իրավական է: Իսկ ահա երբ hetq.am կայքը ներկայացնում է առանց կնիքի մի փաստաթուղթ, որը մեր ներկայացրած փաստաթղթից հետո երևում է, որ իրավական ուժ չունի, ողջ լրատվական դաշտը լծվում է վարչապետին և Սրբազանին վարկաբեկելու գործին:

Ես ուղղակի հարցադրում եմ անում իմ կոլեգաներին` դուք վաճառվե՞լ եք, թե՞ ուղղակի ձեր շահերից կամ ինչ-որ նպատակներից ելնելով փորձում եք վարկաբեկել երկրի աշխարհիկ և հոգևոր իշխանություններին:

Այո, ես կոնկրետ մեղարդանք եմ ներկայացնում ձեզ` անգործության և նպատակասլաց աշխարհիկ և հոգևոր իշխանություններին վարկաբեկելու համար, եթե ոչ, ապա կոչ եմ անում իմ ներկայացրած փաստաթուղթը քննարկել և ցույց տալ` արդյո՞ք այն իրավական է, թե ոչ` հակառակ պարագայում ես համարելու եմ, որ լրատվական դաշտն ուղղորդված աշխատում է այս կամ այն քաղաքական կամ ֆինանսական բուրգերի շահերը ներկայացնելով:

Հարգելի վաստակաշատ լրագրողներ, մեր ներկայացրած փաստաթղթում, որի մեջ նշված է, որ այն տրամադրել է Կիպրոսի պետական մարմինը և ելք է արվել 28.06.2013թ., հստակ երևում է, որ վարչապետի և Սրբազանի անունները չկան: Իսկ Կիպրոսի գլխավոր դատախազի հայտարարությունը, թե առանց նրանց` անունները չէին կարող գրանցվել, ապացուցում է, որ մեր ներկայացրած փաստաթուղթն իրավական ուժ ունի, իսկ hetq.am-ի ներկայացրածը չի կարող լինել իրավական, քանզի այնտեղ չկա կնիք, և գրված են մարդկանց անուններ, ովքեր հերքում են իրենց մասնակցությունը: Եթե որպես լրագրողներ չեք նկատում այս ամենը, ես պնդում եմ, որ դուք ունեք կամ շահադիտական նպատակներ, կամ լրագրողական պրոֆեիոնալիզը լքել է ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել