Թատրոնի և կինոյի դերասան Ֆրունզե Մկրտչյանը ծնվել է 1930 թվականի հուլիսի 4-ին Գյումրի քաղաքում հասարակ աշխատավորների ընտանիքում: 30-ականներին ԽՍՀՄ-ում նորաձև էր երեխաներին հեղափոխական հերոսների, հրամանատարների և այլ հայտնի մարդկանց անուններ դնելը: Այսպես` տղան ստանում է սովետական գործիչ Միխաիլ Ֆրունզեի անունը: Հայտնի դերասան դառնալուց հետո նա փոխում է իր անունը` վերանվանվելով Մհեր, որը նշանակում է «վառ, արևային»: Ըստ դերասանի եղբոր` Ալբերտի, դերասանը երկու անձնագիր ուներ. մեկում գրված էր «Ֆրունզե Մկրտչյան», մյուսում` «Մհեր Մկրտչյան»:

Ֆրունզե Մկրտչյանը մանկուց էր ցուցաբերում դերասանի իր տաղանդը: Նա ներկայացումներ էր կազմակերպում բակի հարևանների համար, ինչպես նաև մասնակցում էր տարբեր սիրողական խմբակներին: 1952 թվականին Մկրտչյանն ընդունվում է թատերական ինստիտուտ, իսկ երկրորդ կուրսից սկսում է խաղալ Գ. Սունդուկյանի անվան թատրոնում: 1955 թվականին դերասանն առաջին անգամ դեր է ստանում կինոյում: Հետագայում Ֆրունզե Մկրտչյանը ստանում է կատակերգու դերասանի համբավ և հաջողությամբ խաղում այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «33», «Միմինո», «Կովկասի գերուհին», «Միայնակներին տրվում է հանրակացարան» և այլն:

Ֆրունզիկ Մկրտչյանի փառքն աճում էր ամեն նոր ֆիլմի հետ: Սակայն դերասանի անձնական կյանքն այդքան էլ հաջող չէր դասավորվում: Առաջին ամուսնությունը շուտով լուծարվում է, որովհետև նա շատ վաղ տարիքում էր ամուսնացել: Երկրորդ կնոջը` Դոնարա Մկրտչյանին, նա հանդիպեց 50-ականների կեսերին, երբ Դոնարան տեղափոխվել էր Լենինական` սովորելու թատերական ինստիտուտում: Նրանք ամուսնանում են և սկսում միասին աշխատել Սունդուկյանի անվան թատրոնում: Շուտով դերասանների ընտանիքը համալրվում է երկու երեխաներով` Նունեով և Վազգենով: Թվում էր, թե Ֆրունզիկի անձնական կյանքը հունի մեջ էր ընկել, սակայն Դոնարան հիվանդանում է: Նրա մոտ հոգեկան հիվանդություն են հայտնաբերում, որը գրեթե ենթակա չէր բուժման: Ֆրունզիկը կնոջը շատ մասնագետների էր ցույց տվել, սակայն նրանք անկարող էին օգնել դերասանին: Հիվանդության պատճառով Դոնարան անընդհատ խանդում էր ամուսնուն` հավաստիացնելով, որ երկրի ամեն անկյունում, որտեղ Ֆրունզիկը գնում էր խաղալու, նրան սիրուհիներն էին սպասում: Դերասանի ընտանեկան կյանքը վերածվում է դժոխքի:

Ընտանեկան խնդիրների պատճառով Ֆրունզիկը ստիպված էր հրաժարվել բազմաթիվ դերերից: Նրա մասին աստիճանաբար սկսում են մոռանալ: Դերասանի համբավը վերադառնում է 1970-ականների վերջին, երբ նա նկարահանվում է հայտնի «Միմինո» ֆիլմում: Սակայն Դոնարայի վիճակը վատթարանում էր, և Ֆրունզիկը ստիպված նրան հիվանդանոց է տեղափոխում: Ֆրունզիկը միայնակ է մնում երեխաների հետ: Որոշ ժամանակ անց Նունեն ամուսնանում է և տեղափոխվում Արգենտինա: Շուտով Վազգենի մոտ հայտնաբերում են մոր հիվանդությունը: Մկրտչյանը չէր կորցնում որդուն վերադարձնելու հույսը, սակայն նրա բոլոր ջանքերը զուր էին: Վազգենին տեղավորում են մոր հետ նույն հիվանդանոցում: Ասում են` հանդիպելով հիվանդանոցի միջանցքներում` նրանք այդպես էլ չէին ճանաչում միմյանց: Ֆրունզիկը փորձեց կարգավորել անձնական կյանքը` ամուսնանալով Գրողների միության փոխնախագահի դստեր` Թամարա Հովհաննիսյանի հետ, սակայն մի քանի տարի անց զույգը բաժանվեց:

Անձնական կյանքում անհաջողությունների պատճառով Մհեր Մկրտչյանը սկսում է չարաշահել ալկոհոլը: Նա գրեթե չէր նկարահանվում ֆիլմերում, թողել էր թատրոնը: Նա անգամ կլինիկական մահ է տարել, և բժիշկները հազիվ են նրան կյանքի վերադարձրել: 1993 թվականի դեկտեմբերի 29-ին Ֆրունզիկը էլի շատ խմեց: Ալբերտը շատ անհանգստացավ, երբ հաջորդ օրը եղբայրը չպատասխանեց զանգերին: Գնալով Ֆրունզիկի տուն` Ալբերտը եղբորը մահացած գտավ:

Ֆրունզիկ Մկրտչյանի մահն իսկական ողբերգություն էր մեր ազգի համար, չէ՞ որ տաղանդավոր ու սիրված դերասանն ընդամենը 63 տարեկան էր: Մեծն դերասանի հուղարկավորությունը տեղի ունեցավ 1993 թվականի դեկտեմբերի 31-ին: Հազարավոր մարդիկ մասնակցեցին արարողությանը` վերջին անգամ հրաժեշտ տալով Ֆրունզիկին:

Ֆրունզիկի մահից հետո Ալբերտը որդեգրեց Վազգենին, ով մահացավ 2004 թվականին` 33 տարեկանում: Նունե Մկրտյանը մահացավ 1998 թվականին վիրահատությունից հետո` հոր մահից ընդամենը 5 տարի անց: Դոնարա Մկրտչյանը մահացավ 2011 թվականին` այդպես էլ անտեղյակ երեխաների մահվան լուրին:

Հայազգի դերասան Ֆրունզիկ Մկրտչյանն իր դերասանական կարիերայի ողջ ընթացքում նկարահանվել է ավելի քան 35 ֆիլմում, 30 տարուց ավել աշխատել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, հետագայում բացել իր սեփական թատրոնը: ԽՍՀՄ ազգային արտիստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել