ԱՄՆ Ներկայացուցիչների տունը վավերացրեց Հայոց ցեղասպանության մասին H RES 296 «բանաձևը» և Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման մասին H R 4695 «օրինագիծը»:
Ի՞նչ են իրենցից ներկայացնում հիշյալ նախագծերի անվանումները, և ինչո՞վ են դրանք տարբերվում միմյանցից:
Ամերիկյան օրենսդրության մեջ գոյություն ունեն նախագծերի երկու հիմնական տեսակներ՝ օրինագծեր կամ Bills (H R կամ S R) և բանաձևեր կամ Resolutions: Բանաձևերը նույնպես բաժանվում են երեք խմբի՝ համատեղ կամ Joint (H.J. Res. կամ S.J. Res.), զուգահեռ կամ Concurrent ( H.Con.Res. կամ S.Con.Res.) և պարզ կամ Simple (H.Res. կամ S.Res.):
Հետևելով վավերացված նախագծերի անվանումներին՝ նկատվում է, որ Ցեղասպանության մասին Ներկայացուցիչների տանը վավերացված բանաձևը պարզ տեսակի բանաձև է: Նման բանաձևերն արտահայտում են Ներկայացուցիչների տան կամ Սենատի տեսակետը և կրում են խորհրդատվական բնույթ: Ներկայացուցիչների տանը վավերացված պարզ բանաձևը Սենատին չի փոխանցվում և չի ստորագրվում ԱՄՆ նախագահի կողմից, հետևաբար, նաև օրենքի ուժ չի ստանում:
Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին վավերացված նախագիծը, սակայն, օրինագիծ է, որը Ներկայացուցիչների տան կողմից վավերացվելուց հետո ներկայացվելու է Սենատին: Հիշյալ օրինագիծը Սենատում վավերացվելուց և ԱՄՆ նախագահի կողմից ստորագրվելուց հետո օրենքի ուժ է ստանալու:
Հ.Գ. ԱՄՆ-ի օրենսդրության մեջ նախագծերի տարբեր տեսակների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել ԱՄն Սենատի կայքում: