Պոպուլիստ ու պատմությունը վերախմբագրել ցանկացող «կարգին» քաղաքապետը։ Ո՞ւր էիր Մեսչյան, քեզ էլ չխնայեց քաղաքապետդ:

Կարգին Հայկոյի հայտնի ելույթում «Մեծարգո կաթողիկոս» դիմելաձևի պատճառով անուշադրության մատնվեց ելույթի մի կարևոր հատված․ թվարկելով տոնական պաստառների վրայի կառույցները՝ կայարանն՝ իր Սասունցի Դավթով, Պատմության թանգարան, Կասկադ, Մայր Հայաստան, Օպերա, Մատենադարան, քաղաքագլուխը ասում է, որ շատ է ուզում և ամեն ինչ անելու է, որ հաջորդ տարիներին այդ թվարկած կառույցների փոխարեն լինեն նորերը, քանի որ վերջին 25-30 տարում որևէ բան չի կառուցվել Երևանում։

Դուք պատկերացնո՞ւմ եք ցնորաբանական պոպուլիզմի կամ աստղաբաշխական աստիճանի հակաերևանյան կերպարի թշվառությունը։ Էսքա՞ն սուտ, լավ, չե՞ք տեսել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Թումոյի հրաշալի շենքը, որով Երևանը դառնում է աշխարհում ճանաչելի (ի դեպ, Փարիզի Թումոյի բացմանն էլ այդ ծրագրի համար զրո բան արած հենց կարգին Հայկոն էր գնացել), չե՞ք տեսել մեր արտգործնախարարության հրաշալի շենքը, լավ, հենց Երևանի քաղաքապետարանի հրաշագեղ շենքը, որտեղ դու մեկ-մեկ աշխատանքի ես գնում․․․ Ցանկը կարող եմ շարունակել, բա գոնե Երևանի գլխավոր ճարտարապետի կողմից ստեղծվածն էլ չե՞ս տեսել կամ լսել:

Բա դու էդ խոսքերը, որ ասում ես, ո՞ւմ հետ ես էլի խորհրդակցում, որ չես հիշում առնվազն Կոմիտասի տուն-թանգարանը կամ Մատենադարանի երկրորդ մասնաշենքը, կառույցներ, որոնք վերափոխվել են ու դարձել առավել քան ներկայանալի ամբողջ աշխարհին հենց քո ենթակա Մեսչյանի կողմից։

Երևանին սիրողական մակարդակի կառավարիչներ ու նրա պատմությունը չճանաչող և չգնահատող քաղաքապետեր պետք չեն, ավելին՝ վտանգավոր են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել