«Փաստ» թերթը գրում է.
«Այս տարվա սկզբներից ներկայիս իշխանությունների կողմից բուռն շրջանառության մեջ դրվեց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը։
Ամռանն արդեն տեղեկություններ կային, որ ԱԺ աշնանային նստաշրջանում այս կոնվենցիան արդեն քննարկման է դրվելու պառլամենտում։
Ակնհայտ դարձավ այն իրողությունը, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ է կոնվենցիայի վավերացմանը։ Բացի այդ, իշխանական պատգամավորներից շատերն արտահայտեցին այնպիսի դիրքորոշում, որ իրենք ևս դեմ են կոնվենցիայի վավերացմանը։
Իսկ որոշ իրավաբանների կողմից առաջ քաշվեց այն տեսակետը, թե Ստամբուլյան կոնվենցիայում տեղ գտած որոշակի դրույթներ հակասում են ՀՀ սահմանադրությանը։
Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ուղղված հուժկու ալիքից հետո միայն իշխանությունները որոշեցին, որ այս տարի կոնվենցիայի վավերացման հարց խորհրդարանում չի դրվի, և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հայտարարեց այդ մասին, բայց սա դեռևս չէր նշանակում, թե իշխանությունները
վերջնականապես հրաժարվում են այն վավերացնելու իրենց մտադրությունից։
Եվ չի կարելի պատահական համարել այս օրերին տեղեկությունների շրջանառումը, թե Ստամբուլյան կոնվենցիան հնարավոր է խորհրդարանում քննարկման դրվի արդեն 2020-ի հունվար-փետրվարին, նախ՝ հանձնաժողովներում, ապա արագացված կարգով նաև ԱԺ լիագումար նիստում։
Այս պարագայում հանրության համար հարցական է մնում այն, թե ինչո՞ւ են ներկայիս իշխանություններն այդքան շահագրգռված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ, որին հասարակությունը դեմ է։
Ըստ երևույթին, իշխանության շահագրգռվածությունը առաջին հերթին պայմանավորված է ֆինանսական գործոնով. վավերացման միջոցով նրանք մտադիր են եվրոպական կառույցներից դրամաշնորհներ ստանալ, և մամուլում էլ գրվեց, որ միայն Ստամբուլյան կոնվենցիայի քարոզչության համար տրամադրվել է 600.000 եվրո դրամաշնորհ։
Եվ Արարատ Միրզոյանը նշել է, որ եթե իրենց հաջողվի փոխել ՍԴ գործող կազմն ու հեռացնել Հրայր Թովմասյանին, կկարողանան հեշտությամբ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: Ըստ Միրզոյանի՝ այս փուլում վավերացման ամենալուրջ խոչընդոտը ՍԴ-ն ու ՍԴ նախագահն են։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում