1in.am-ը գրում է.
Չնայած ամբողջ հանրապետությունում արտագաղթի տեմպերն ահագնանում են, Վայոց ձորի Սարավան գյուղը վերջին մի քանի ամիսներին գրանցում է ներգաղթ: Համայնքի գյուղապետ Սիմոն Բաբայանը հաստատեց, որ ներգաղթը պայմանավորված է գյուղի մոտակայքում գտնվող Ամուլսարի հանքի շահագործման հեռանկարով. «Մարդիկ ուզում են հետ գալ և աշխատել ոսկու հանքում: Այն, ինչ որ ասում են չար լեզուները, իմացեք՝ այդպես չէ: Մարդու առողջության համար բոլոր պայմաններն ապահովված են հանքավայրում»:
Գյուղապետն ասաց, որ իրենք ազգի թշնամին չեն, ուզում են ժողովուրդն առաջին հերթին լավ ապրի. «Ռուսաստանից, այլ երկրներից մարդիկ զանգում, հարցնում են՝ որ գանք, աշխատատեղ կլինի՞, որ աշխատենք»:
Գյուղապետը փոխանցեց, որ արդեն 2 ընտանիք այդ հույսով վերադարձել է, ևս 4-5 ընտանիք Երևանից են ուզում հետ գալ, Ռուսաստանից երկու եղբայր և մեկ այլ ընտանիք արդեն պայմանավորվել են, որ հետ գան. «Այդ մարդիկ կկարողանան ստացած աշխատավարձով կայունանալ, որից հետո զարկ կտան անասնաբուծությանը»:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն ընդգծեց, որ նման աշխատատեղերը, որոնք 16.5. տարի են գոյատևելու, ռիսկային են. «Մարդիկ, որ ոչ մի բան չունեն, հիմա գնում, ասում են՝ ինչ լավ է, աշխատանք ունեմ: Մենք ասում ենք, որ մեզ այդպիսի աշխատատեղերը, որոնք պետք է 16.5 տարի հետո փակվեն, պետք չեն: Եկեք տեսնենք ռիսկերը՝ դրանից հետո ի՞նչ կունենան, կարո՞ղ են ապրել, իհարկե՝ չեն կարող»:
Տիկին Զարաֆյանն ասաց, որ 16.5 տարի հետո վիճակն ավելի կսրվի, էկոլոգիական միջավայրը կվատանա, անգամ կողքի գյուղերից կարտագաղթեն:



