Աշխարհի տարբեր ազգություններ ու պետություններ ունեն համբուրվելու իրենց սեփական ավանդույթներն ու պատկերացումները։ Մեքսիկայում այդպիսի մի ավանդույթ ուղղակի վստահեցնում է, որ իսկական սիրահարները պետք է համբուրվեն միայն կարմիր աստիճանների վրա. ինչո՞ւ։
Տարիներ առաջ, ըստ հայտնի պատմության, Մեքսիկայում ապրում էին երկու սիրահարներ՝ Աննան ու Կառլոսը։ Նրանք ապրում էին նույն քաղաքի տարբեր թաղամասերում՝ Աննան՝ հարուստների, իսկ Կառլոսը՝ աղքատների թաղամասում։ Այս երկուսը մի օր անասելի սիրահարվեցին իրար ու որոշեցին թաքուն հանդիպել։
Աննան ու Կառլոսը հանդիպում էին Աննայի պատշգամբում, որտեղ Կառլոսը բարձրանում էր աստիճանի միջոցով։ Մի անգամ Աննայի հայրը տեսնում է, թե ինչպես է զույգը պատշգամբում համբուրվում։ Նա փորձում է բռնել Կառլոսին, բայց վերջինս, աստիճան բարձրանալով, փախչում է։ Դրանից հետո հայրը զգուշացնում է Աննային, որ վերջինս այլևս երբեք չպետք է հանդիպի այդ աղքատ ու իրենց ընտանիքին ոչ հարմար տղայի հետ։
Աննան, սակայն, ոչ մի կերպ չի լսում իր հորը։ Նրանց հանդիպումները գնալով ավելի հաճախ են դառնում ու նրանք անգամ չեն պատրաստվում փոխել հանդիպման վայրը։ Այսպես՝ մի օր Աննայի հարուստ հայրը տեսնում է նրանց նույն տեղում նորից համբուրվելիս։ Հայրը կատաղության նոպայով հանում է իր դանակն ու մահացու վիրավորում սեփական դստերը։
Դա տեսնելով՝ Կառլոսը փորձում է ինչ-որ բան անել ու նետվում է Աննայի ուղղությամբ։ Հայրն այնքան ուժեղ է հարվածում վերջինիս, որ նա ընկնում է աստիճաններից ու երրորդ աստիճանին դիպչելով՝ կոտրում վիզը։ Դժբախտ զույգն այդ օրը մահանում է։
Ի հիշատակ Կառլոսի ու Աննայի՝ Մեքսիկայում ամեն երրորդ աստիճանը ներկվում է կարմիր գույնի։ Այստեղ մեքսիկացիները հավատում են, որ Կառլոսի հոգին մինչ օրս թափառում է Մեքսիկայում ու հետևում բոլոր սիրահար զույգերին։ Եթե նրանք համբուրվում են կարմիր աստիճանի վրա, ապա Կառլոսը նրանց մեծ սեր ու 15 տարվա օրհնություն է ուղարկում, որպեսզի նրանք ապրեն երկար ու երջանիկ։
Եթե զույգը համբուրվում է այլ աստիճանների վրա, ապա նրանց ուղղակի մեծագույն դժբախտություն է ուղարկում ու անիծում, որ նրանց հարաբերություններում ոչինչ լավ չդասավորվի։ Դա է պատճառը, որ մեքսիկացիները նախընտրում են համբուրվել միայն կարմիր աստիճանների վրա, որպեսզի նրանց սերը հավերժական դառնա։