Pastinfo.am-ը գրում է․

BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ցույց է տալիս Հայաստանի արտաքին քաղաքականության ողբալի վիճակը։ Այս կարծիքն է քաղաքագետ Կարեն Բեքարյանը։

«Խայտառակ հարցազրույց է՝ բառի բուն իմաստով, առավել եւս ղարաբաղյան հատվածով եւ բառի բուն իմաստով այդ հարցազրույցը ցույց է տալիս, թե ինչ է նշանակում, երբ վարչապետն իրականացնում է քայլեր՝ առնչվող ղարաբաղյան կարգավորման գործընթացին կամ ընդհանրապես ՀՀ արտաքին քաղաքականությանը, որից հետո արտգործնախարարությունն ընդհանրապես եւ արտգործնախարարը, մասնավորապես, առաջացող հարցերից ոչ մեկին չունի հոդաբաշխ պատասխան։ Այդ ամենը առկա է այս հարցազրույցում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ անդրադառնալով հարցազրույցի՝ մասնավորապես արցախյան հատվածին։

Քաղաքագետը տարակուսում է եւ անհասկանալի է համարում, թե առհասարակ, ո՞րն էր այդ հարցազրույցի իմաստն այս պարագայում.«Կարելի էր նայել մինչ այդ եղած թողարկումներով հարցազրույցի սրությունը, եթե պատրաստ էինք այս տիպի հարցազրույցի, դա այլ հարց է, բայց, երբ շատ դժվար է գտնել որեւէ մեկին, որը նույն ղարաբաղյան հիմնախնդրի կոնցեպտում կամ դրա բացակայության մեջ տրամաբանություն է տեսնում, կարելի էր չէ՞ հասկանալ, որ այդ ուղղությամբ էլ կարող ընթանալ հարցազրույցը եւ ինչպիսին պետք է լինեին պատասխանները։ Սա ուղղակիորեն ի ցույց է դնում մեր արտաքին քաղաքականության ողբալի վիճակը»։

Նշենք, որ արտգործնախարարությունը հրապարակել է Զոհրաբ Մնացականյանի ՝ BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը տված հարցազրույցի պաշտոնական սղագրությունն ու անգլերենով տեսագրությունը։ Հարցազրուցավար Սթիվըն Սակուրը սուր հարցադրումներ է հնչեցնում՝ սկսած կոռուպցիան արմատախիլ անելու վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարություններից մինչեւ նրա՝ «Արցախը Հայաստանն է, եւ վերջ» հայտարարությունը։ Հարցազրույցում BBC-ի լրագրողը, ըստ էության, Հայաստանի իշխանությանը մեղադրում է, որ նա խաղաղության չի ձգտում, պնդում է, թե Հայաստանը պետք է պահպանի միջազգային իրավունքը, ապա հարցնում է, թե արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել, որ վերջին 20 և ավելի տարիների ընթացքում հայկական բանակը պատասխանատու է եղել շատ լուրջ խախտումների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել