Հայաստանը` որպես գործարարությամբ զբաղվելու համար «բարենպաստ» երկիր, Համաշխարհային բանկի խմբի Doing Business-ի այս տարվա հեղինակավոր ցանկում զբաղեցրել է 47-րդ տեղը: Անցյալ տարի Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինության վարկանիշով 41-րդն էր՝ նախորդ տարվա զեկույցում 47-րդի համեմատ:
Սահմանագծից հեռավորության ցուցանիշով, որը գնահատում է երկրի կանոնակարգման արդյունավետության բացարձակ մակարդակը 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն համապատասխանում է ամենացածր կատարողականին, իսկ 100-ը՝ սահմանագիծն է, Հայաստանի միավորը Doing Business-2020 զեկույցում 74.5 է՝ նախորդ տարվա 75.37-ի համեմատ:
Ցանկում Վրաստանը զբաղեցրել է 7-րդ, Ռուսաստանը՝ 28-րդ, Թուրքիան՝ 33-րդ, Ադրբեջանը՝ 34-րդ, Իրանը՝ 127-րդ տեղը:
Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրել են Նոր Զելանդիան և Սիգապուրը: Ցանկում երրորդը Հոնկոնգն է՝ Դանիային թողնելով 4-րդ հորիզոնականում: Հաջորդում են Հարավային Կորեան, ԱՄՆ-ն, Վրաստանը, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Շվեդիան:
Ցանկը կազմելիս հեղինակները հաշվի են առել բիզնես գործունեություն ծավալելու համար 190 երկրների կողմից տրամադրվող պայմանները՝ տնտեսական գործունեություն ծավալելու համար կիրառված բարեփոխումները, որակը, վարկերի տրամադրման պայմանները, անշարժ գույքի սեփականության իրավունքի հետ կապված հարցերը, ինչպես նաև ներդրողների իրավունքների պաշտպանության մակարդակը:




