Tert.am Life-ը գրում է.

«Երկուսով» հեռուստասերիալն արդեն «Շանթ»-ի եթերում է: Tert.am Life-ն ավելի վաղ իր ընթերցողներին պատմել է նախագծում տեղ գտած փոփոխությունների մասին։ Հեռուստանովելի գլխավոր հերոսին այժմ մարմնավորում է Զիրոյանը, ով իր կերպարի, առաջարկը ստանալու և սիրահարված տղա խաղալու բարդությունների մասին առաջինը պատմել է Tert.am Life-ին։

«Առաջարկը ստացա ռեժիսոր Հայկ Վարդանյանից։ Մարմնավորելու եմ գլխավոր հերոսի՝  Մարկի կերպարը, ով չորրորդ կուրսի ուսանող է, իր տարիքին բնորոշ չարաճճիություններ ունի։ Բնավորության գծերն ինքս իմ մեջ եմ ուզում գտնել։ Այսինքն՝ փորձում եմ հասկանալ, թե ինքն ինչ կերպար կարող է լինել։ Շատ կարևոր է տրամաբանական գիծը, որը հիմա ուզում եմ ընկալել։ Մարկը շատ լավ հարաբերություններ ունի իր մոր հետ, հոր հետ՝ շատ վատ։ Ունի քույր, ով իրեն երբեմն բարկացնում է՝ չհամաձայնեցված քայլեր անելով։ Դեռ սկզբնական փուլն է, թե հետո ինչ է սպասվում, առայժմ չեմ կարող ասել»,- ասաց դերասանը։

Զիրոյանի խոսքով՝ փորձում է մեկտեղել բնավորության տարբեր գծերն ու ստեղծել կերպար, որին հեռուստադիտողները կսիրեն լավ ու վատ կողմերով հանդերձ։ «Ես ուզում եմ գտնել շատ համով կորիզ, որը հեռուստադիտողը կսիրի և կասի՝ լավ տղա է, բայց մի քիչ թերություններ ունի։ Թերությունների մասը շատ կարևոր է, որովհետև ոչ ոք անթերի չէ։ Այդ գծերը հեռուստադիտողին հասցնելով՝ ասում ենք, որ պետք չէ այդպիսին լինել։ Շատ եմ կարևորում կերպարի միջոցով հաղորդագրություն տեղ հասցնելը»,- նշեց Զիրոյանը։

Դերասանն անկեղծացավ ու ծիծաղելով ասաց՝ դժվարանում է սիրահարված տղայի կերպար խաղալ․ «Ինձ համար դժվար է սիրահարված տղայի կերպարի մեջ մտնել։ Ասում են, թե սիրահարված տղա ես, քեզ այսպես պետք է պահես, սա պետք է անես, բայց մի հարց կա՝ Զիրոյանը դեռ չի պատկերացնում, թե ինչպես սիրահարված տղան կանի նման քայլեր, հաջորդ պահին՝ այլ քայլեր։ Ինքս իմ մեջ ծիծաղում եմ, բայց կփորձեմ մի բան անել։ Առաջին օրը, երբ պետք է նկարահանեինք սիրահարված զույգի տեսարանը, ծիծաղում էի, բայց ոչ միայն դերի համար։ Ես 28 տարեկան եմ ու ինձ դժվարությամբ եմ պատկերացնում նման ռոմանտիկ բաներ անելիս։ Հենց նման պահերին է, որ մտածում եմ՝ սիրահարված տղան նման բաներ չէր անի։ Այսինքն՝ իմ պատկերացրած կերպարը, որքան էլ սիրահարված լիներ, աղջկա հետ այգում թռվռալով ման չէր գա»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել