Բրիտանական The Telegraph ամսագիրն իր «Ճամփորդություններ» բաժնում հոդված է հրապարակել Եվրոպայի հնագույն 16 քաղաքների մասին, որոնք մշտապես բնակեցված են եղել: Ցանկում ընդգրկված է նաև մեր մայրաքաղաքը՝ Երևանը, որի մասին նշվում է.

«Հռոմից 30 տարի ավելի վաղ հիմնադրված Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է և կարևոր խաչմերուկ է Ասիայի և Եվրոպայի միջև: Երևանը ժամանակին նվաճել են ասորիները, հռոմեացիները, պարսիկները, բյուզանդացիները, արաբները, սելջուկները, թուրքերը և Կարմիր բանակը՝ 1920 թվականին:

Խորհրդային Միության փլուզումից հետո ՀՀ մայրաքաղաքում շատացան մշակութային կառույցներն ու կենտրոնները: Դանդաղ, սակայն զարգանում է նաև զբոսաշրջությունը:

Եվրոպայի հնագույն քաղաքների ցանկում են նաև Խորվաթիայի Զադարը, Վրաստանի Մցխեթան և Քութայիսին, Իսպանիայի Քադիսը, Լեսբոսի Միտիլինին, Հունաստանի Թեբեսը, Տրիկալան, Պարան, Աթենքը, Արգոսը, Պորտուգալիայի Լիսաբոնը, Բուլղարիայի Պլովդիվը և այլն:

Երևանը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ., երբ Վանի թագավորության արքա Արգիշտին հիմնեց Էրեբունի քաղաք-ամրոցը: Հիմնադրման համար Արգիշտին Հայկական լեռնաշխարհի արևմտյան հատվածներից 6600 գերի է բերել՝ որպես շինարար աշխատելու։

Էրեբունին գտնվել է ժամանակակից Երևանի հարավային հատվածում, չնայած որ այդ հատվածում բնակավայրի մասին հիշատակված տեղեկություններ չեն հանդիպում մ.թ.ա. 4-րդ դարից մինչև մեր թվարկության 3-րդ դարը: Համաձայն Արգիշտիի արձանագրության՝ նա Էրեբունի քաղաքը հիմնել է իր կառավարման 5-րդ տարում:

1950 թ. Արին-Բերդի բլուրում գտնված քարե սալիկը, որի վրա արված է եղել սեպագիր արձանագրությունը, վկայում է.

«Խալդիին՝ տիրոջը, այս տունը, Արգիշթին Մինուայի որդին, կառուցեց նաև բերդ հոյակապ. դրեցի Էրեբունի անունը, Բիայնի երկրների փառքի համար, թշնամիներին ի սարսափ: Խալդյան մեծությամբ Արգիշթին Մինուայի որդին թագավոր է հզոր, թագավորը՝ Բիայնիլի երկրների տերը՝ Տուշպա քաղաքի»:

Հարյուրամյակ անց թագավորության վարչական և քաղաքական կենտրոնը տեղափոխվեց Թեյշեբաինի ամրոց՝ հիմնված Ռուսա Բ արքայի կողմից ժամանակակից Երևանի հարավարևմտյան սահմանին: Սակայն Թեյշեբաինին կողոպտվեց Վանի թագավորության անկման տարիներին՝ մ.թ.ա. 590-ական թվականներին:

Իսկ Էրեբունին շարունակեց իր գոյությունը նաև պարսկական տիրապետության ժամանակաշրջանում։ Հենց այդ տարիներին էլ, ամենայն հավանականությամբ, Էրեբունին սկսեցին անվանել Էրևունի, որն էլ դարերի ընթացքում վերափոխվեց Երևանի։

Հայկական լեգենդները Երևանի հիմնադրումը վերագրում են Նոյին և հավատում, որ անվանումն առաջացել է Նոյի «Երևա՛ց» բացականչությունից, որն արել է այն ժամանակ, երբ ջրի տակից երևացել է Մասիսի գագաթը:

17-րդ դարի ճանապարհորդ Ժան Շարդենը գրել է.

«Էրիվանը, ըստ հայերի, աշխարհում ամենահին բնակավայրն է: Նրանք վստահեցնում են, որ Նոյն ու ընտանիքը այստեղ են բնակվել մինչև ջրհեղեղը, իսկ դրանից հետո հանգրվանել են տապանով Արարատի գագաթին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել