Հայկ Ասատրյանը գտնում էր, որ պատմության բերումով հայությունն իր ընդհանրության մեջ մոռացության է տվել այն հոգեգծերը, որ տրված են եղել իրեն սկզբնական՝ դասական վիճակում։ Եվ մեր դժբախտությունների հոգեբանական պատճառները փնտրելով այն տարբերության մեջ, որ ունի նոր ժամանակների հայը դասական՝ ամբողջական հայից, Հայկ Ասատրյանը խնդիր էր դնում գտնել դասական հայի հոգեգծերը և դաստիարակչորեն դրանք դարձնել հարազատ՝ ապրող հայ սերնդի համար։

Նա գտնում էր, որ հայությունը պատմականորեն բաժանված է երկու հակամարտ հոսանքների: Դրանցից մեկի ճակատը պսակում է ցեղի ձեռքը, մյուսի էությունը կնքված է ընկածության մրով: Մեկը վառվում է ցեղի կենդանանորոգ զորութենականությամբ, մյուսը մոխիր է միայն: Մեկն առաջնորդվում է ցեղի լինելիական բարոյականով, ինքնակատարելագործումի տենչ ունի և մարմնացնում է ճակատագիրը հաղթահարելու, բարձրանալու բնաճիգը, մյուսը էությամբ ստորնահակ է, «տականք»... Կողմերից մեկը լծված է «վատության» և «ամբարիշտ ուրացում»-ի գործին, մյուսը խայթված է ազգային ամոթանքի զգացումից: Մեր վիշտն այն չէ, որ աշխարհում թուրք կա, այլ այն, որ թրքատիպ հայ կա: Հայ, որ ցեղի ձայնը չի լսում, որ նրա առաքելության խորհրդին չի հավատում, հայ, որ չարության անոթ է և պղծում է մեր ոգու ստեղծագործ երկունքը, որ անասնազգաց է, ընդունակ չէ ապրելու ու հասկանալու, թե իր ընկածությամբ ի՜նչ սպանիչ ամոթանք, բարոյական ի՜նչ զարհուրելի տառապանք է պատճառում ցեղորեն զգայուն հայ մարդուն: Այստեղ է հայ կյանքի մղձավանջը, այստեղ` նրա այրող ցավը, այստեղ` մեր ողբերգությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել