Jfhr.am-ը գրում է.
ՀՀ Քրեական Վերաքննիչ դատարանը նշանակել է պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատական առաջին նիստը` դատավոր Գրիշա Մելիք Սարգսյանի նախագահությամբ:
Բացի տուժողներից` վերաքննիչ բողոք են ներկայացրել նաև գործով երկու ամբաստանյալները` Հակոբ Մանուկյանը և Վահագն Հայրապետյանը: Վերաքննիչ բողոքի հեղինակները պահանջում են բեկանել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը` այն ուղարկել նոր քննության կամ արդարացնել գործով մեղադրվող ամբաստանյալներին:
Տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանի վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքի առնչությամբ այսօր պատասխան է ստացվել Վերաքննիչ դատարանից, որտեղ նշվում է, որ գործը քննվելու է վճռաբեկության կարգով:
«Վերաքննիչ դատարանը գտնում է, որ գործը պետք է քննել վճռաբեկության կարգով դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով», մասնավորապես նշված է վերաքննիչ դատարանի պատասխանում:
Փաստաբան Մուշեղ Շուշանյանի մեկնաբանությամբ բողոքի վճռաբեկության կարգով քննությունը բացառում է ապացույցների նոր հետազոտումը:
«Առաջին ատյանի դատարանում մեր կողմից ներկայացված բազմաթիվ միջնորդությունների լուծում չեն տրվել և մենք հույս ունեինք դրանք քննության առարկա դարձնել վերաքննիչ դատարանում: Այսինքն դատարանը նոր ապացույցներ չի ընդունելու` հիմնվելով միայն եղածների վրա», քննության այս կարգի վերաբերյալ իր մերժողական դիրքորոշումը հայտնեց փաստաբանը` նշելով, որ դատական նիստի մեկնարկին միջնորդություն է ներկայացնելու դատարանին` խնդրելով գործը քննել վերաքննության կարգով:
Վերաքննության կարգով քննությանը կողմնակից են նաև վերաքննիչ բողոք բերած ամբաստանյալների պաշտպանները:
Տուժող կողմի բողոքում ներկայացված է պահանջ նաև քրեական գործեր հարուցելու մասին` քննության ընթացքում տեղ գտած օրինախախտումների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը`դատավորը Սամվել Մարդանյանի նախագահությամբ, ապացուցված էր համարել զինդատախազության ներկայացրած «ինքնասպանության հասցնելու» վարկածը եւ ամբաստանյալներից երեքին` սպա Վահագն Հայրապետյանին, շարքայիններ Մխիթար Մխիթարյանին եւ Ադիբեկ Հովհաննիսյանին դատապարտել էր չորս տարվա ազատազրկման , մյուս շարքային Հարութիկ Կիրակոսյանին` 3 տարվա: Իսկ գլխավոր մեղադրյալ կապիտան Հակոբ Մանուկյանին դատապարտել էր տասը տարվա ազատազրկման:
Ինչպես Արտակ Նազարյանի ներկայացուցիչները, այնպես էլ մեղադրյալները չեն ընդունում «ինքնասպանության» վարկածը և պնդում են, որ կատարվածը սպանություն է:
Նյութի աղբյուր՝ http://jfhr.am/?ln=1&id_=12&page_id=48
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել