Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն իր առարկությունը հայտնեց ՎՊ-ի 2012թ.-ի վերլուծության մեջ նախարարության իրականացրած մի շարք ծրագրերի նկատմամբ տրված բացասական գնահատականների վերաբերյալ: Փոքր անդրադարձ նրա պատասխաններին.
«Չեմ կարծում, որ զուգարանից պետք է եկամուտ ստանալ: Հանրային զուգարանները չեն տեղադրվում եկամուտ ստանալու, այլ տուրիզմը զարգացնելու համար: Շահույթի տեսանկյունից եթե դիտարկենք, այո՛, դրանք անարդյունավետ են»:
Հարգելի պարոն Ավանեսյան, տուրիզմը զարգացնելու համար առաջին հերթին պետք է ճանապարհները կարգի բերել, այլ ոչ թե զուգարաններ տեղադրել` այն էլ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ, որտեղ մի քանի քայլ այն կողմ` այգում, մի շարք զուգարաններ կան: Չեմ կարծում, որ տուրիստները բիոզուգարաններից օգտվելու համար են գալու Հայաստան: Ի դեպ վերոնշյալ զուգարանը մի քանի օր առաջվա տվյալներով հաստատ չէր գործում:
Վերջին հարցը վերաբերում էր Գյումրու տեխնոպարկի ծրագրին, որը ՎՊ-ն գնահատել է որպես անորոշ վիճակում գտնվող ծրագիր, ինչի հետ նախարարը չհամաձայնեց:
«ՎՊ-ի անհանգստությունը հիմնականում այն է, որ ընդհանուր առմամբ Գյումրին նախատեսված է վերածել տեխնոքաղաքի, իսկ դա մեծ ծրագիր է, որը մշակվել է 2008-ին և որի համար անհրաժեշտ է 45 մլն դոլար: Սակայն ճգնաժամը թույլ չի տալիս դա իրականացնել»,-ասաց նա:
Պետք է փաստել, որ առհասարակ ծրագիր` այն էլ մասշտաբային ծրագիր մշակելուց առաջ պետք է մանրամասն ուսումնասիրվեն բոլոր գործոնները` ներքին, թե արտաքին, չափվի դրանց ազդեցության աստիճանը ծրագրի իրագործման վրա, մի խոսքով տնտեսական կանխատեսումներ է պետք անել, քանզի, ինչպես գիտենք, յուրաքանչյուր ճգնաժամ էլ հնարավոր է կանխատեսել, և մասնագետները կանխատեսում են, ուստի այդ ինչպե՞ս է, որ մեր երկրում այս կարևորագույն գործոնները հաշվի չեն առնվում պետական ծրագրեր մշակելիս, թե՞ այսպես ավելի հեշտ է` ամեն ինչում մեղավոր է տնտեսական ճգնաժամը… Այս տնտեսական ճգնաժամն արդեն մեր երկրի Неуловимый Джо -ն է դարձել: