«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ունեցած նախնական տվյալների համաձայն՝ Փարիզում Nouvelles d՛Arménie-ի վրա հարձակումը տեղի է ունեցել թուրքական խմբավորման կողմից։ Խոսքի ազատությունը մարդու իրավունքների և լրատվամիջոցների գործունեության կարևոր նախապայմանն է, որի նկատմամբ ոտնձգությունները պետք է խստագույնս դատապարտվեն: Հատկապես տարակուսելի է, որ հայկական լրատվականի վրա հարձակումը տեղի է ունեցել աշխարհի ամենաժողովրդավարական պետություններից մեկի մայրաքաղաքում՝ Փարիզում:

Մենք ողջունում ենք փաստը, որ Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը դատապարտել է դեպքը: Միևնույն ժամանակ, տարակուսելի է, որ պետական մարմինները Հայաստանում գործող լրատվականների վրա հարձակումները (վերջին օրինակը «Հայելի» ակումբի վրա հարձակումը) չեն դատապարտում, մինչդեռ արագ արձագանքում են Ֆրանսիայում Nouvelles d՛Arménie-ի վրա հարձակման փաստին։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Nouvelles d՛Arménie-ին Հայաստանում իշխանափոխության ակտիվ ջատագովներից է եղել, տպավորություն կա, որ հերթական անգամ Հայաստանի իշխանությունը լրատվամիջոցներին բաժանում է յուրայինների և օտարների, ինչը չի կարող չմտահոգել բոլոր նրանց, ովքեր խոսքի և մամուլի ազատությունը ժողովրդարության կարևորագույն արժեք են համարում:

«Մեդիա պաշտպանը» կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին Nouvelles d՛Arménie-ի վրա հարձակման դեպքը հնարավորինս արագ հետաքննել, մեղավորներին պատժել և ապահովել լրատվամիջոցի անխափան գործունեությունը: Հաշվի առնելով հանգամանքը, որ նախնական տվյալներով հարձակումը տեղի է ունեցել թուրքական խմբավորման կողմից, մեր թիմը փորձում է կապ հաստատել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, ինչպես նաև ԶԼՄ-ների խնդիրներով զբաղվող միջազգային կառույցների հետ` Nouvelles d՛Arménie-ի վրա հարձակման դատապարտման հարցը նաև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել