Սիրելի երեւանցիներ,
Այսօր ուզում եմ հերթական անգամ սիրո խոստովանություն անել մեր քաղաքին: Եվ քանի որ քաղաքը առաջին հերթին իր բնակիչներն են, ուզում եմ խոսել հենց երեւանցիների մասին:
Մեզանում կա այն կեսկատակ-կեսլուրջ բանավեճը, թե ով է իսկական երեւանցին: Մեկն ասում է, թե երեւանցի է նա, ով ծնվել է քաղաքում, նա, ում ծնողները կամ պապերն են ծնվել այստեղ, կամ նա, ով կիսով չափ կամ մեկ քառորդով է երեւանցի եւ այլն: Իմ սերնդի մարդիկ ասում են, թե երեւանցի չի կարող համարվել նա, ով պատանի տարիքում Ձորում չի լողացել կամ չի կերել Բոքսի թաղի կրպակի 11-կոպեկանոց պաղպաղակը կամ Երրորդ մասի «Սեւան» կինոթատրոնում հնդկական կինո չի նայել եւ այլն: Մի քիչ ավելի երիտասարդ սերնդի համար երեւանցի լինելու «վկայականը» քաղաքի վերջին տրամվայից կախված երթեւեկելու մասին հիշողությունն է կամ «Կրծած կուկուրուզի» ֆոնին ունեցած լուսանկարը: Նոր սերնդի երեւանցիները, թերեւս, ավելի պրագմատիկ են. երեւանյան «մկրտության ծեսը» նրանց համար քաղաքացիական պայքարին մասնակցությունն է ու սեփական իրավունքներին տեր կանգնելու անհրաժեշտության գիտակցությունը:
Բայց, ի վերջո, ո՞վ է իսկական երեւանցին: Իրականում, ամեն ինչ շատ պարզ է․ երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման:
Եվ ես ուզում եմ տոնական այս օրը ողջունել ու շնորհավորել բոլոր երեւանցիներին՝ անկախ նրանից՝ ծնվել են նրանք այստեղ, թե վերջերս են տեղափոխվել Երեւան: Ուզում եմ հատկապես ողջունել Երեւան եկած մեր սփյուռքահայ եղբայրներին ու խնդրել նրանց հնարավորինս հաճախ ու երկար ուրախացնել մեզ իրենց ներկայությամբ: Ողջունում եմ նաեւ Երեւանում գտնվող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, արտասահմանյան կազմակերպությունների աշխատակիցներին, անգամ մի քանի օրով որպես զբոսաշրջիկ եկած մեր հյուրերին,
որովհետեւ ես վստահ եմ՝ ով մի քանի օր ապրել է Երեւանում, նույնիսկ մի քանի ժամով վայելել է Երեւանի արեւը, ընդմիշտ պահելու է Երեւանն իր սրտում, հետեւաբար, դառնալու է մեր ընկերն ու բարեկամը:
Շնորհավո՜ր, երեւանցիներ, շնորհավո՛ր մեր հավերժական քաղաքի տոնը: