1in․am-ը գրում է․
Հայաստանում ակտիվորեն զարգանում է ՏՏ ոլորտը, միջազգային գլոբալ կազմակերպությունները Հայաստանում ինժեներական գրասենյակներ, ներկայացուցչություններ են բացում, հայկական ստարտափների արմատները կարելի է գտնել ողջ աշխարհում և տարբեր ոլորտներում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Digitain ընկերության շուկայի ուսումնասիրության և հանրային կապերի համակարգող Մարիամ Փաշինյանի հետ: Նրա խոսքով՝ հայերը շատ ոլորտներում են տաղանդավոր, օրինակ գինեգործության, հագուստի արտադրության և այլն, և ՏՏ ոլորտը բացառություն չէ: «Դեռևս խորհրդային տարիներից Հայաստանը եղել է ծրագրային ապահովման, տեխնոլոգիաների կենտրոն, ճիշտ է, 90-ականերին ոլորտն անկում ապրեց տնտեսական պատճառներով, բայց հետո, երբ 2002-ին հիմնադրվեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, այդ օրվանից ի վեր ՏՏ ոլորտը Հայաստանում միայն աճ է գրանցում»:
«2018թ. տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի ընդհանուր եկամուտները կազմել են 923 միլիոն դոլար, որը ՀՆԱ-ի 7 տոկոսն է»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Հայաստանում ՏՏ ոլորտի ներուժը շատ մեծ է, և Հայաստանը մեր տարածաշրջանում առաջատարն է: Մ. Փաշինյանը նաև նկատեց, որ Հայաստանում, ի տարբերություն այլ երկրների, ՏՏ ոլորտում մասնագետ կանանց և աղջիկների ներգրավվածությունը մեծ է՝ ըստ որոշ վիճակագրական տվյալների՝ 50 տոկոս, ինչը, նրա գնահատմամբ, ուրախալի առանձնահատկություն է: