Armdaily.am-ը գրում է․

Սյունիքի մարզում արտակարգ բնապահպանական իրավիճակ է։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ Արծվանիկի պոչամբար գնացող խողովակաշարի վնասվելու հետևանքով աղտոտված ջրերը լցվել են Ողջի գետ։ Ջրի գույնը ստացել է դարչնագույն երանգ։

ArmDaily.am-ի հետ զրույցում ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Բագրատյանը նշեց, հանքարդյունաբերության ոլորտում ռիսկերը հաշվարկված չեն։

«Որևէ մեկը երաշխավորված չէ նման միջադեպերից։ Ինչքան գիտեմ խողովակն է վնասվել և լցվել է գետը։ Բնականաբար դա աղետ է համարվում և րոպե առաջ պետք է հասկանալ, թե ինչ պետք է արվի, որպեսզի հետագա ընթացքը, հետևանքները կանխվեն։ Հատկապես մետաղական հանքարդյունաբերության մեջ միշտ ռիսկերը մնալու են, դրա համար էլ ասում ենք, որ մեզ նոր մետաղական հանքարդյունաբերություն հարկավոր չէ»,-նկատեց նա։

Պատգամավորը շեշտեց, որ պետք է հանքարդյունաբերության ոլորտը բերվի օրինականության դաշտ, որպեսզի ռիսկերը հնարավորինս մեղմվի։

Դիտարկմանը, թե դիտավորության նշաններ կան, պատգամավորը բացասական պատասխան տվեց. «Չեմ կարծում։ Ցանկացած դեպքում հանքարդյունաբերողը սկանդալի մեջ է հայտնվելու, ինչու պետք է դիտմամբ անի։ Միայն թշնամի պետությունը կարող է նման վնասարարություն անել, իսկ վստահ եմ, որ նրանց ձեռքը չի հասնի այդտեղ, հետևաբար դա ավելի շատ տեխնածին աղետ է։ Անվտանգության կանոնները ճիշտ չեն պահել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել